— Հապա գուշակիր.
— Ինչպե՞ս գուշակեմ. քաղաքում մարդ շատ։
— ՉԷ, մեր ծանոթներից է:
— Բայց ո՞վ է։
— Գուշակիր տեսնեմ,— կրկնեցի ես։
— Ասացի որ չեմ կարող։
— Շուբինը։
— Մի՞թե, այդ հետաքրքրական է,— ասաց Յուլիան ժպտալով։
— Այդքա՞ն միայն։
— Հապա էլ ուրիշ ի՞նչ։
— Չե՞ս զարմանում, ուրեմն, իմ մարգարեության վրա, որ ասում էի թե՝ շուտով Շուբինը իմ «ժողովուրդն» է դառնալու։
— Օ՜, ի՞նչ մեծ մարգարեություն ես արել. ո՞ւմ չէ հայտնի, որ նա հարյուրավոր երկրպագուներ ունի քաղաքում։
— Ունի, ես էլ գիտեմ, բայց բանն այս է, որ նա մինչև այժմ ծածկագիր չէր ստանում։
— Յուր հասցեով նամակ հո ստանո՞ւմ էր։
— Ինչո՞ւ չէ։
— Էհ, այդ նամակները չէի՞ն կարող գաղտնի զրույցներ պարունակել։
— Չեմ կարծում։ Նման նամակները «ցպահանջ» են գրում միշտ։
— Որ ապահովապես տիրոջ ձե՞ռքը հասնի,— հարցրեց Յուլիան ժպտալով։
— Անշուշտ։
— Ի՞նչ հասցե ունի Շուբինի նամակը,— հետաքրքրվեց կինս։
— Ալգեբրայական, պատասխանեցի ես։
— Այսի՞նքն։
— А. b. c., ցպահանջ։
— Բոլորովին նոր հասցե է։
— Այո, դեռ այս հասցեով նամակ չէ ստացվել ինձ մոտ։
— Գիտե՞ս ինչ եմ ուզում ասել քեզ,— դարձավ ինձ Յուլիան ժպտալով: