Էջ:Muratsan, vol. 5.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ի՞նչ:

— Արի մի անգամ բեր Շուբինի այդ a. b. c.-ն, բանանք ու կարդանք։

— Խելագարվե՞լ ես դու,— հարցրի ես զարմանալով։

— Ի՞նչ կլինի, կարդանք ու իմանանք թե ով է դրա մտերմուհին։

— Յուլիա, Յուլիա, ինչե՞ր ես խոսում, այդպիսի առաջարկություն չէի սպասում քեզանից,— նկատեցի ես լրջությամբ։

— Օհ, մեծ բան է, կարծես չես կարող ծրարը նորեն փակել ու հանձնել իրեն։

— Ես քեզ խնդրում եմ, որ այդ խոսքը չկրկնես, նույնիսկ կատակով։ Այդպիսի վարմունքը հանցանքից ավելի է. մի կարծիր թե ամուսինդ ընդունակ է անազնվության,— ասացի ես վճռաբար և մեր մեջ այլևս խոսք չեղավ այդ մասին։

Երկու օրից հետ, արդարև, փոստային արկղներից հանած նամակների միջից երևան եկավ «a.b.c.» հասցեով ծրարը, որը, չգիտեմ ինչո՞ւ, մյուսներից ավելի գրավեց ուշադրությունս և ես, փոխանակ սովորական դարակի մեջ դնելու այն, պահեցի իմ սեղանի արկղում։ Շուտով երևեցավ Շուբինի ծառան, որին անձամբ ճանաչում էի։ Իսկույն հանձնեցի նրան տիրոջ նամակը՝ պատվիրելով որ իմ աչքի առաջ ծոցը դնե, որպեսզի չկորցնի։

Տուն վերադառնալուց հայտնեցի Յուլիային, որ a.b.c. հասցեով նամակն արդեն ստացա և ուղարկեցի տիրոջը։

Այս լուրը, չգիտեմ ինչու, նրան այլայլեց և մի թեթև շառագույն նրա սիրուն դեմքը պատեց.

— Ի՞նչ պատահեց քեզ, ինչո՞ւ շիկնեցիր,— հարցրի ես՝ զարմանալով նրա դեմքի հանկարծական փոփոխության վրա։

— Շիկնեցի՞... չգիտեմ, գուցե հուզմունքից,— պատասխանեց նա։

— Բայց ինչո՞ւ հուզվեցար։

— Որովհետև այդ նորությունը հիշեցրեց՝ ինձ անցյալ օրվա քո կոպիտ վարմունքը... Այսքան ժամանակ է մենք պսակված ենք, և ես քեզանից դեռ ծանր խոսք չէի լսել։ Բայց այն օրը, մի որևէ Շուբինի պատճառով, էլ նախատական բան