եղա որ արդարև պ. Մարջանյանը հեռացել է ազգային գործերից մի սարսափելի, մի զարհուրելի գաղտնիքի պատճառով:
— Ի՞նչ գաղտնիքի,— վախեցած հարցրի ես:
Պ. Սեղբոսյանը վեր կացավ տեղից և մոտենալով ինձ՝ կամացուկ շշնջաց ականջիս, (թեպետ ինձանից և իրենից զատ ոչ ոք չկար սենյակում)։
— Ընտանեկան, բարեկամ, ընտանեկան։
— Այսի՞նքն,— հարցրի ես հետաքրքրությամբ։
— Բոլոր փաստերն ապացուցանում են, որ նա հեռացել է հասարակական ասպարեզից՝ ամուսնանալուց մի, թե երկու տարի հետո։
— Ի՞նչ է նշանակում այդ:
— Ի՞նչ է նշանակում... օ՜. դժվար է ձեզ, հասարակ մահկանացուներիդ համար թափանցել գաղտնիքների այն աշխարհը, որին մենք, հոգեբաններս, տիրապետում ենք երկնքից մեզ տրված շնորհների շնորհիվ։
— Այդ իմացանք. բայց ի՞նչ ընտանեկան գաղտնիք է այդ, որը սարսափելի, զարհուրելի ես անվանում դու։
— Պարոն Մարջանյանը դժբախտ է յուր սիրո մեջ. Ամուսնությունը նրան բերել է ոչ թե արքայություն, այլ դժոխք...
— Ո՞րտեղից գիտես այդ։
— Ո՞րտեղից... ա՜. այդ հարցին չեն պատասխանում վիպասանները։ Նրանք միայն ասում կամ գրում են։
— Ի սեր աստուծո մի՛ գրգռիր երևակայությունդ, այդպիսի բան ես դեռ չեմ լսել ոչ ոքից:
— Բայց ինձանից լսում ես։
— Դու երևակայում ես։
— Ոչ, ես ինքս տեսնվեցա պ. Մարջանյանի հետ։
— Եվ հարցրիր նրան այդ խնդրի մասի՞ն,— զարմանալով բացականչեցի ես։
— Իհարկե ոչ. մենք՝ հոգեբաններս, այդպիսի անհամեստ հարցեր չենք անում, մենք միայն պարզ կերպով խոսում ենք, բայց և զրույցի միջոցին կարդում ենք մեր խոսակցի սիրտը, առանց որ նա այդ իմանար։
— Եվ ուրեմն ի՞նչ կարդացիր Մարջանյանի սրտում: