— Մի՛ շտապիր, բոլորը կլսես:
— Բայց ախր դու իմ համբերությունը հատցնում ես։
— Մի շտապիր ասում եմ. chi va piano, va sano, chi va sano, va iontano[1] առածները ճշմարտություններ են պարունակում իրանց մեջ, պետք է լսել նրանց։
Քիչ էր մնում, որ գլխարկս առնելով դուրս գնայի սենյակից։ Բայց ի՞նչ արած, գտնվում էի իմ տան մեջ. հետևապես անքաղաքավար չգտնվելու համար, պարտավոր էի համբերությունս կրկնապատկել։
— Այո՛, տեսնվեցա Մարջանյանի հետ և խոսեցի,— շարունակեց պ. վիպասանը.— նա շատ դժվարությամբ էր վարագուրում յուր ներքին վյիշտը։ Իմ հարցին թե՝ պ. Մարջանյան, ինչո՞ւ այլևս չեք զբաղվում ազգային գործերով. նա պատասխանեց.— «է՜հ, բարեկամ, ես շատ եմ գործել, այժմ թող ուրիշները գործեն...»։ Բայց եթե տեսնեիր թե՝ այդ խոսքերը ի՞նչ տխուր ձայնով արտասանվեցան. եթե տեսնեիր թե՝ ի՞նչ դառը ժպիտ խաղաց այդ վայրկենին նրա շրթունքի վրա, այն ժամանակ Օվիդիոսի պես կասեիր թե արդարև littore quot conchae, tot sunt in amore dolores:[2]
— Ախր, տեր աստված, ի՞նչ ունի սերը այդ գործի մեջ.բացատրիր վերջապես—բացականչեցի ես անհամբերությամբ։
— Ա՜, այդտեղ է իսկապես գաղտնիքը, որ անհասկանալի է մնում հասարակաստեղծ մարդուն։ Եթե պ. Մարջանյանը խաբված չլիներ սիրո մեջ, եթե ամուսնությունը դժոխք չբերեր նրա տունը, այն ժամանակ, բնականաբար, նա ավելի եռանդով, սիրով ու անձնվիրությամբ կշարունակեր զբաղվիլ ազգային գործերով և դեռ ամուսնուն էլ գործակից կաներ իրան: Բայց որովհետև տխուր հիասթափության պատճառով նրա սիրտը կոտրվել, հույսերը փշրվել և իդեալները ցնդել են օդի մեջ, ուստի նա առայժմ դարձել է ոչ միայն հոռետես, այլև անտարբեր դեպի ամեն մի քնքուշ և գաղափարական զգացմունք...»