Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջինս այս անգամ չընդդիմացավ։

— Այս ներքնազգեստն ևս։

Լուսարարը այն էլ հանեց։

Ապա բժիշկը մոտենալով՝ սկսավ իր բութ մատով ակոսել հիվանդի ողնաշարը։

— Այստեղ ցավո՞ւմ է,— հարցրեց նա ցույց տալով ողնաշարի վերին մասը։

— Ոչ,— եղավ սարկավագի պատասխանը։

— Իսկ այստե՞ղ։

— Ոչ էլ այդտեղ։

— Հագնվեցեք,— ասաց բժիշկը և սկսավ անցուդարձ անել սենյակում:

Երբ սարկավագը հագնվեցավ, բժիշկը ետ եկավ և նստեց յուր բազկաթոռի վրա։ Ապա հրավիրելով լուսարարին յուր մոտ, ասաց.

— Նստեցեք և պատմեցեք ինձ ձեր կյանքից մի բան:

— Ի՞մ կյանքից։

— Այո։

— Օրինակ, ի՞նչ։

— Օրինակ թե՝ ո՞րտեղ եք ծնվել. ի՞նչ ծնողներ եք ունեցել. ինչպես եք ուսում առել...

— Բայց պ. բժիշկ, ասացեք վերջապես. ինչի՞ համար են այդ քննությունները։ Չէ՞ որ ես գործով եմ եկել այստեղ և շուտ էլ պիտի վերադառնամ։

— Բարի, ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Բայց դուք պատմեցեք մի փոքր։

— Ինչի՞ համար պատմեմ։

— Հենց այնպես։

— Տեր աստված, ոչինչ չեմ հասկանում։

— Վնաս չունի, պատմեցեք։ Բժշկի խնդիրքը չեն մերժիլ։

— Շատ բարի, կպատմեմ, բայց մի պայմանով։

— Այսինքն։

— Առաջ կարդացեք ինձ սրբազանի նամակը. ես կամենում եմ իմանալ թե՝ ի՞նչ է գրել ձեզ։