Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտեցավ լուսարարին և նրա երեսը դեպի լույսը դարձնելով սկսեց ուշադրությամբ աչքերը քննել, տեսնելու համար թե՝ խառնված չե՞ն նրանք, կամ բիբերից մինը մեծ և մյուսը փոքր չէ՞:

Սակայն լուսարարի աչքերը, ինչպես միշտ, պարզ էին ու փայլուն, իսկ բիբերի մեծությունը իրար հավասար։

— Հանեցեք ձեր լեզուն և ուղիղ կախեցեք դեպի վայր,— հրամայեց բժիշկը։

Լուսարարը, որ մինչև այդ խոնարհությամբ տեղի էր տալիս բժշկի քննության, այս անգամ արդեն կանգ առավ.

— Ինչի՞ համար է այդ քննությունը, պարոն բժիշկ,— հարցրեց նա։

— Իսկույն կասեմ, սիրելիս, իսկույն, հանեցեք ձեր լեզուն։

Լուսարարը հանեց լեզուն և ուղիղ ձևով կախեց դեպի վայր:

Բժիշկը տեսավ, որ հակառակ յուր սպասածին, լուսարարը չէ ծռում լեզուն ոչ աջ և ոչ ձախ կողմը, այլ պահում է ուղիղ դիրքում։

«Այստեղ մի թյուրիմացություն կա»... մտածեց ինքն իրեն բժիշկը և որոշեց մի ուրիշ փորձ անել.— Հապա, սիրելիս, փակեցեք ձեր աչքերը և սենյակի այս կողմից անցեք մյուսը՝ ուղիղ գծով։

— Բայց պ. բժիշկ, բացատրեցեք խնդրում եմ, ինչի՞ համար են այս բաները։

— Ասացի որ կբացատրեմ, դուք դեռ արեք ինչ որ ասում եմ։

Լուսարարը ժպտաց և առանց հասկանալու թե ինչի համար է ինքը այս տարօրինակ քննություններին ենթարկվում, փակեց աչքերը և ուղիղ ոչ հաստատ քայլերով գնաց ցույց տված տեղից մինչև մյուսը։

Բժիշկը տեսավ, որ նա չշեղեց ճանապարհը, կամ, ինչպես սպասում էր, չդողաց, և ոչ էլ ջղաձգական ոստյուն արավ:

«Չեմ հասկանում, այս մարդը առողջ է, ինչի՞ համար են ինձ մոտ ուղակել», հարցրեց բժիշկն ինքն իրան և որոշեց մի վերջին փորձ ևս անել.— Հապա, հանեցեք ձեր պարեգոտը, դարձավ նա լուսարարին: