Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգուցյալի կորուստը ողբացող սիրելների արտասուքը, փոխակերպելով այնոնց վարդի ու հասմիկի, հակինթի կամ շուշան ծաղկի։ Եվ իրավ, եթե արտասուքները կերպարանափոխվին՝ ի՞նչ կարող են դառնալ, եթե ոչ ծաղիկներ, ակնապարար գույներով անուշ բուրումներով...

Եվ ահա այս էր պատճառը, որ ես, առհասարակ, մեծ հաճությամբ էի ընդունում ու եկեղեցում պահում այն գեղարվեստական պսակները, որոնք հայտնի ննջեցյալների վրա դրած լինելու պատճառով՝ վերջինների տերերը բերում և հանձնում էին եկեղեցուն, խնդրելով՝ կախել այնոնք վերնատանը, իբրև հիշատակ թանկագին հանգուցյալի։

Եվ այդ պսակները եկեղեցում զետեղելով ես հոգում էի նրանց մասին մի առանձին քնքշությամբ, աշխատելով, որ դրանք երբեք չփոշոտին, կամ կոպտությամբ շոշափվելով՝ ծաղիկներից չզրկվին։

Դուք գուցե հարցնեք, թե ինչո՞ւ այդ աստիճան հոգածությամբ էի վերաբերվում նրանց.— պատճառն այն էր, որ ինձ թվում էր թե՝ այդ պսակները եթե շունչ չունին, գեթ, զգացմունք ունին և կարող են վշտանալ եթե փոշու շերտերը նրանց փայլուն տեսքը ծածկեն կամ կոպիտ ձեռքեր իրանց գեղեցկությունն ավրեն։ Այդ զգացմունքն, իհարկե ապրում էր ոչ թե նրանց՝ այլ իմ մեջ։ Որովհետև ես ընդունում էի (և իրոք էլ այդպես է), թե այդ պսակների մեջ միաժամանակ մարմնանում ու միավորվում են երկու հարգելի և կարի թանկագին կատարելություններ — մինը՝ առաքինության կամ հանճարի արժանիքը, մյուսն՝ այդ արժանաց կորստի համար զգացված վիշտը: Ամենքը գիտեն, որ քանի դեռ առաքինին կամ հանճարը շրջում են կենդանիների մեջ, նրանց արժանիքը, մեծ մասամբ, մնում է անհայտ, երբեմն իրանց համեստության, իսկ հաճախ՝ նախանձոտների չկամության պատճառով։ Բայց նրանց մեռնելուց ետ, երբ կրքերը լռում են (որովհետև հանգչողի հետ բաժանելու այլևս ոչինչ չեն ունենում), այն ժամանակ, ահա, երևան են գալիս մեռնողի արժանիքը մեծագրող մարդիկ և արտահայտում են իրենց վիշտը հրապարակով:

Ահա այդ գնահատված արժանիքը և նրա կորստյան համար արտահայտվող վշտերն են, որոնք միանալով՝ կազմում