են մի մարմին և դառնում պսակ: Ինչպես որ դուր չեք կարող առանց խղճահարության պատառել կամ ոտնահարել հանճարեղ նկարչի մի գեղեցիկ ստեղծագործությունը, որքան էլ նա անշունչ մի առարկա լինի, և եթե անեք՝ կզգաք, որ հանճարի արդյունքը բողոքում է ձեր բարբարոսության դեմ, այնպես էլ ես չէի կարող ակնածությամբ չվերաբերվել այն ծաղկահյուս պսակներին, որոնք, ինչպես ասացի, մարմնացնում էին իրանց մեջ մեռնողի արժանիքը և մնացողի վշտերը:
Հաճախ ես միայնակ այդ պսակների առաջ կանգնած՝ խոսում էի նրանց հետ։ Դուք, իհարկե, զարմանում եք, թե ի՞նչ կարող էի խոսել անշունչ առարկաների հետ։ Իրավունք ունիք։ Բայց, ասացեք խնդրեմ, դուք չե՞ք գտնվել երբեք այնպիսի դրության մեջ, որ ցանկանալով ցանկանայիք հասու լինել ձեր հետաքրքրությունից խուսափող մի որևէ ճշմարտության։ Եվ տեսնելով, որ այդ նպատակին չեք կարող հասնիլ եթե դիմեք մարդկանց օգնության (որոնք միայն ստել գիտեն և կեղծել), սրտանց փափագել եք, որ լեզու ստանային այն անշունչ առարկաները, որոնք ինչ֊ինչ պատճառով առնչություն են ունեցել որոնածդ ճշմարտության հետ և այնոնք ցույց տային ձեզ նրա թաքստյան տեղը։
Օ՜, ես շատ անգամ եմ այդպիսի դրությունների մեջ գտնվել... Չնայելով տարիքիս, որ մեծ չէ, այսուամենայնիվ ես աշխարհում ապրել եմ բավական երկար։ Եվ մինչև անգամ վշտեր եմ կրել, որոնց պատմությունը, իհարկե, մեր զրույցին չի վերաբերում: Այսքանը միայն կասեմ, որ ինձ համար, առհասարակ, սովորական բան է եղել դիմել անշունչ առարկաներին, երբ ցանկացածս ճշմարտությունը իզուր եմ որոնել մարդ արարածի մոտ։
Այսպես, ահա, երբ եկեղեցում մի բան կարգավորելու ժամանակ անցնում էի ես հիշյալ պսակների մոտով և տեսնում նրանց գեղապաճույճ տեսքն ու հարուստ ժապավենների ոսկեգիր մակագրությունները, գլխումս հանկարծ ծագում էին հարցեր, որոնց լուծումը կամենում էի ստանալ իսկույն։ Ուստի և կանգ առնելով՝ խոսում էի պսակների հետ։
Բայց ի՞նչ էի խոսում.— ահա, մի սիրուն պսակ, որ շինված է մրտենու կանաչ ոստերից և զարդարված հասմիկի, ու