Էջ:Muratsan, vol. 5.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևում։ Այդ մարդիկը երևի խորանում են, մտածում եմ ինքս ինձ և երկյուղագին մտնում նախ՝ մեկ և ապա մյուս խորանը, և սակայն ոչ մեկի մեջ ոչ ոքի չեմ պատահում։

— Մենք այստեղ ենք, ո՞վ բարի մարդ.— նորեն հնչում են ձայները, բայց այս անգամ ավելի տխուր, մելամաղձոտ եղանակով։

— Բայց ովքե՞ր եք դուք վերջապես,— գոչում եմ ես բարձրաձայն և եկեղեցու կամարները արձագանք են տալիս իմ հարցին։ Այդ արձագանքն արդեն սարսուռ է ազդում վրաս։

Պատասխան չառնելով՝ ես պատրաստվում եմ փախչել։ Բայց հանկարծ, ո՜վ հրաշք. տեսնում եմ առաջիս կանգնած է մի շարժուն ցանկապատ, որ ամբողջապես կազմված է այն բոլոր պսակներից, որոնք գտնվում էին եկեղեցվո վերնատանը և որոնց փոշիները սրբել էի ես մի ժամ առաջ։

— Այդ մենք ենք խոսում, բարի լուսարար. մի՞թե մեր ձայնը անծանոթ է քեզ,— ասում են պսակները միաբերան և ժապավենները շարժելով՝ ծածանում օդի մեջ։

Ես երկյուղից բռնված՝ նորից ետ եմ փախչում և որոնում մի անկյուն՝ ուր կարողանայի պահվել։

— Պահվելու փոխարեն, բարեկամ, առաջ անցիր դու, բաց արա եկեղեցու դռները և մեզ բոլորիս դուրս շպրտիր այստեղից. զի արժանի չենք մենք այս սրբարանում կախվելու,— ասում են նրանք այնպիսի մի դառն ու վշտահար ձայնով, որ ես համարձակություն եմ առնում նրանց վրա նայելու։

Եվ ահա այդ ժամանակ, պսակներից մինը, որ աչքի էր ընկնում յուր փառահեղ մեծությամբ, ծաղիկների առատությամբ և հարուստ ժապավեններով, և որի վրա, առհասարակ, ես հիացմունքով էի նայել միշտ, զատվելով մյուսներից, մոտեցավ ինձ և ասաց.

— Իզուր ես դու այդքան հոգ տանում մեր մասին, բարեկամ, դրանով դու արդեն մեղսակից ես դառնում նրանց, որոնք մեզ դրին ի ցույց ժողովրդյան՝ կախելով դիակառքերից, կամ ավանդ տալով այս եկեղեցուն։ Մենք ոչ այլ ինչ ենք, եթե ոչ կեղծիք և ստություն, մեր գոյությունը՝ հերքումն է ճշմարտության: Մի՞թե այս անհայտ է քեզ։