Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես լուռ ու զարմանքից սառած՝ հառում եմ աչքերս խոսող պսակին։

— Նայիր դու, ահա, այս մրտենու ճյուղին, շարունակում է նա նույն եղանակով,— ինչպես փայլուն, ինչպես դալար ու ճապուկ է երևում։ Անշուշտ քեզ թվում է թե Նա կյանք ունի յուր մեջ, թե նրան ոռոգել են առվի ալիքները, թե նրան օրորել են գարնան հովերը: Բայց ոչ. նա շինված է ժանգոտ երկաթից, որից կռում են թե ստրուկի շղթան և թե դահճի տապարը... Նայիր, հապա, այս վարդերին, այս շուշաններին, որքան են սիրուն, քնքուշ, կենսալիր... Թվում է թե հենց նոր փնջեց նրանց պարտիզում մանկամարդ մի կույս, թե հենց նոր ցողը վերացավ նրանցից, թե նրանք բուրում են անուշից բուրումն... Բայց մեկ մոտեցիր ձեռքով շոշափիր: Օ՜հ, ի՜նչ անարգանք... նրանք շինված են թիթեղի կտորներից, կավից, ճենապակուց, նույն այն նյութերից, որոնցից շինում են և լվացարաններ, և անմաքրության անոթներ... Այսպիսով, ուրեմն մենք ներկայացնում ենք՝ աստուծո ձեռքով բնության մեջ դրած ամենաքնքուշ ճշմարտության խարդախանքն ու կեղծիքը, վա՜յ մեզ, վա յ մեզ...

Այս բացականչության վրա բոլոր պսակները հառաչեցին, իսկ նրանցից մի քանիսը սկսան զոլել «հանիր մեզ այստեղից»:

Իմ զարմանքն ու ապշությունը հետզհետե աճում էին: Բայց ես ինձ չէի կորցնում, և երկյուղն իմ մեջ սկսել էր արդեն տեղի տալ հետաքրքրության։

Եվ ահա խոսող պսակն սկսավ հուշիկ դեպի վեր բարձրանալ և շքեղ ժապավենը օդի մեջ ծածանելով շարունակեց.

— Մենք ոչ միայն կեղծիք ենք և ստություն, այլև պաշտոն ունինք մարդիկ մոլորեցնելու, մտքեր խարդախելու, զգացմունքներ գողանալու։ Ապացույց, ահա, այս մակագրությունը, որ ոսկյա տառերով դրոշմված է իմ մետաքսյա ժապավենի ծայրին։ Կարդա, եթե հաճելի է քեզ. «Յուր արժանավոր որդուն մեծագրող ժողովուրդը»: Այսպես է գրված այստեղ։ Եվ այս հինգ բառերի մեջ կա հինգ հազար սուտ։ Հանգուցյալը, որին ժողովուրդը «յուր արժանավոր որդի» է անվանում, էր, իսկապես, նրա անարժան ծնունդը։ Տղայության