որ իմ այդ բարեկամի ուղեղի ծալքերում մի ինչ-որ թերություն կա և սիրել եմ նրան ոչ թե յուր խելքի, այլ լավ սրտի համար: Այդ պատճառով էլ միշտ աշխատել եմ ետ կասեցնել նրան անզգույշ քայլերից: Բայց որովհետև այդ օրը նրա երևակայությունը ավելի քան գրգռված էր և ես, ընդդիմախոսելով կամ հակառակելով չպետք է համոզեի նրան՝ թողնել յուր դիտավորությունը, իսկ եթե նա սկսեր այդ նյութի վրա գրել, պետք է ուրեմն և տպագրել տար, (որովհետև գրողներն առհասարակ որքան էլ հիմար բաներ լինին գրած, դարձյալ ցանկանում են, որ ուրիշները կարդան իրանց գրվածքը), իսկ այդ բանն, իհարկե, կարող էր Մարջանյանի պատիվը շոշափել, ուստի ես որոշեցի մի ուրիշ հնարքով ետ դարձնել վիպասանին յուր դիտավորությունից:
— Դու ծանոթ ես Մարջանյանի կնոջ հետ,— հարցրի ես նրան:
— Ոչ. բայց կցանկանայի ծանոթանալ,— պատասխանեց վիպասանը:
— Այո՛, բայց քանի որ որոշել ես այդպիսի բան գրել, անհրաժեշտ է, որ քո հերոսուհուն ուսումնասիրես,— ասացի ես:— Արի ուրեմն տանեմ քեզ նրա մոտ և հետը ծանոթացնեմ, նա թեպետ իմ հեռավոր ազգականուհին է, բայց այցելում է մեզ հաճախ, մենք լավ բարեկամներ ենք. նա գոհ կլինի հայ վիպասանի հետ ծանոթանալով.
Բարեկամս վեր թռավ տեղից և վազելով փարեց իմ պարանոցին:
— Ահա՛ թե ինչպես պետք է ոգևորել վիպասանին...— բացականչեց նա ուրախությամբ,— merci, mon cher, grand merci! քո այդ բարիքը ես չեմ մոռանալ իմ կյանքում. և, եթե ցանկանաս, նույնիսկ իմ վեպի առաջաբանում ակնարկ կանեմ այդ մասին...
— Չէ, ակնարկ հարկավոր չէ. գնանք, ես քեզ կծանոթացնեմ իմ ազգականուհու հետ,— պատասխանեցի ես:
Իմ դիտավորությունը, իհարկե, այն էր, թե պ. Սեղբոսյանը ծանոթանալով այդ կնոջ հետ, գուցե, յուր խոսակցության միջոցին, լսե նրանից այնպիսի խոսքեր, որոնք համոզեն