— Բայց դու այդ բոլորը ինչի՞ց ես ենթադրում,— զարմանալով հարցրի ես։
— Հենց այն մի քանի խոսքերից, որ նա արտասանեց. ապա նրա դեմքի տխրությունից և վերջապես այն վարմունքից, որ նա հանկարծ ու առանց որոշ պատճառի հեռացել է յուր սիրած ազգային գործերից:
— Շատ տարօրինակ և կարի անխորհուրդ եզրակացության ես եկել. եթե քո բոլոր գրվածքների մեջ էլ դու այդպիսի ենթադրություններով ես առաջնորդվում, վայ մեր ընթերցողների գլխին,— ասացի ես բարեկամիս։
— Այդպիսի բարակ, նուրբ հոգեբանական խնդիրների մասին խոսելն ու դատելը բնավ քո գործը չէ,— նկատեց պ. վիպասանը.— Շուտով ես ահա՛ կգրեմ այս դեպքի մասին և իմ գրվածքը կարդալուց հետո միայն կհամոզվես, որ իմ հայացքները ավելի քան correct են։
— Ի՞նչ պիտի գրես,— հարցրի ես։
— Վեպ. գեղեցիկ, ընդարձակ վեպ, որի հերոսը պ. Մարջանյանը, իսկ հերոսուհին նրա կինը պիտի լինի։
— Ի սեր աստծու, այդպիսի հիմարություն չանես։ Ի՞նչ գործ ունիս դու մարդկանց ընտանեկան գաղտնիքների հետ, նամանավանդ որ դու քո համոզմունքները հիմնում ես լոկ ենթադրության վրա։
— Անկարելի է, պիտի գրեմ, հրաշալի նյութ է սա. ափսոս է, որ այն ուրիշ գրողները հափշտակեն, մանավանդ, հետադեմ բանակին պատկանողները։
— Թո՛ղ այդ զառանցանքը․ ուրիշ տեղ որոնիր քո վեպերի նյութը,— նկատեցի ես ավելի լրջությամբ։
— Անկարելի է, ասում եմ քեզ, պիտի գրեմ, ողջ աշխարհը պիտի հուզեմ, si c՛est possible, c’est fait, si c’est inpossible cela se fera![1],— բացականչեց պ. վիպասանը այնպիսի եռանդով, որ աչքերի մեջ, մինչև անգամ, կրակի պես մի բան ցոլաց։
Ի՞նչ մեղքս թաքցնեմ. ես միշտ այն կարծիքին եմ եղել,
- ↑ եթե հնարավոր է, արդեն արված, վերջացած է, եթե անհնարին է, պիտի արվի: