Ես աչքերով, հոնքերով նշաններ էի անում, որ Սեղբոսյանը այդպիսի հիմար հարցեր չանե, բայց նա անուշադիր դեպի ինձ, զբաղված էր տիկնոջով և նայում էր նրա վրա, ինչպես մի բժիշկ, որ պատրաստվում է անդամատել յուր հիվանդին։
— Իսկ ձեր ամուսինը սիրո՞ւմ է ձեզ,— հարցրեց նա նորեն և աչքերը հառեց տիկնոջ վրա։
Վերջինս դարձյալ քահ-քահ ծիծաղեց և զգացած զվարճությունից շառագունած պատասխանեց.
— Ոչ միայն սիրում, այլև պաշտում է, նա խելագարված է ինձ վրա։
Այդ խոսքերը, ըստ երևույթին գրգռեցին պ. Սեղբոսյանին։ Նա անպատճառ կամենում էր, որ հակառակ և յուր ենթադրությունները արդարացնող պատասխաններ լսեր տիկնոջից, ուստի ինքն իրան հաշիվ չտալով նկատեց.
— Այդ ամենը, տիկին, ես տարօրինակ եմ գտնում. անկարելի է, որ այդ այդպես լինի... այստեղ հակասություն կա... կամ գաղտնիք...։
— Ի՞նչ հակասություն, ի՞նչ գաղտնիք, պ. Սեղբոսյան, ես ձեզ չեմ հասկանում, մի՞թե ճշմարիտ չէ որ ես սիրում եմ իմ ամուսնուն, կամ թե սո՞ւտ է այն' որ նա պաշտում է ինձ,— ասաց տիկինը շարունակ ծիծաղելով։
— Ոչ, ո՛չ... բայց ինչի՞ համար... ճշմարիտ որ այս բոորը տարօրինակ է... ես կարծում էի թե...։
Տեսնելով, որ վիպասանը կորցրել է իրան և վախենալով թե՝ միգուցե ավելի մեծ մի հիմարություն անե, ես օգնության հասա իսկույն, խառնեցի նրանց խոսակցությունը և զրույցը անտարբեր նյութերի վրա դարձնելով՝ վերջավորեցի մի կերպ և դուրս տարա իմ հոգեբանին։
Երբ փողոց ելանք պ. Սեղբոսյանը նորեն յուր զառանցանքներն սկսավ։
— Տեսա՛ր, բարեկամ․ իմ կասկածները արդարացան,— ասաց նա ինձ.— թեպետ շատ ճարպիկն է քո այդ ազգականուհին, բայց և այնպես չկարողացավ իմ հոգու աչքերը փակել։ Քանի եղանակներով խոնարհեց «սիրում եմ» բայը, այդպես են անում բոլոր «ատողները»։ Եվ ի՜նչ կեղծ ծիծաղով