Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատում էր թաքցնել յուր սրտի գաղտնիքը. այսինքն այն, ինչ որ կնճռում է խեղճ Մարջանյանի պատվասեր ճակատը...

— Դու էլի՞ զառանցում ես. ուրեմն չհամոզվեցա՞ր, որ իզուր ես կասկածում,— հարցրի ես բարկությամբ»:

— Ընդհակառակը, ավելի ամրացա իմ համոզմունքների մեջ: Մեր այս այցելությունը կավելացնե իմ վեպի մեջ մի քանի ուրիշ գլուխներ։

Պ. վիպասանի այս համառությունը այն աստիճան գրգռեց ինձ, որ ես որոշեցի ոտնահար անել ամեն պատշաճից օրենք և քարշ տալ նրան նորեն տիկին Մարջանյանի մոտ և, հայտնելով նրան գործի էությանը, խնդրել, որ հաճի բուժել մի բանով իմ խելագարին։ Այդ որոշումն արի նրա համար, որովհետև գիտեի, որ նման հանգամանքներում կանայք ավելի հնարագետ են լինում։

Երբ ես իմ միտքը հայտնեցի Սեղբոսյանին, նա ասաց.

— Ի՞նչ կարծիք կկազմե այդ կինը իմ մասին. արդյոք չի՞ ասիլ, թե խելագարին մեկն է սա...

— Ոչինչ չի ասիլ, գնանք, նա սրտաբաց կին է և կհասկանա ինձ, երբ ամեն բան բացատրեմ նրան անկեղծորեն։

Սեղբոսյանը մտածեց մի փոքր և ապա գլուխը վեր առնելով և հաստ ձեռնափայտը գետնին խփելով, ասաց.

— Գնանք, ես ոչ ոքից չեմ քաշվում։ Ես վիպասան եմ և ճշմարտություն եմ որոնում։ Թող թեկուզ դրա համար քարկոծեն ինձ մարդիկ. վաղուց հայտնի է, որ bonit honesta fert exitlum veritas[1]:

Այս ասելով, պ. Սեղբոսյանը քայլերն ուղղեց դեպի Մարջանյանի տունը։

Ազգականուհիս նախ զարմացավ մեզ տեսնելով. և ապա, երբ ես անկեղծորեն ամեն ինչ պատմեցի, չելնելով, իհարկե քաղաքավարության և պատշաճից օրենքի սահմանից, նա սկսավ սրտանց և երկար ծիծաղել։

Ապա դառնալով Սեղբոսյանին՝ ասաց.

— Ինչպե՞ս համոզեմ ձեզ, պ. վիպասան, որ ձեր ունեցած

  1. Բարեսիրտների ազնիվ Ճշմարտասիրությունը կորուստ է պատճառում իրանց: