Էջ:Muratsan, vol. 5.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շնորհիվ անհաճո հետևանք ունենա սկսված վիճաբանությունը, և հյուրերից մեկն ու մեկը վիրավորվի այդ առթիվ, հանգիստ շունչ քաշեց՝ երբ ճաշը վերջացավ: Վեր կենալով տեղից և հյուրերից մի քանիսի շնորհակալությունն ընդունելով՝ նա առաջնորդեց բոլորին դեպի հովահար պատշգամբը։ Ապա խնդրելով ամուսնուն, որ քնքշությամբ վարվի հյուրերի հետ մինչև յուր վերադարձը, նա ներս մտավ տուն՝ սև սուրճի պատրաստության հրամանը տալու։

Բшյց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տասը րոպեից հետ վերադառնալով՝ գտավ ամուսնուն արդեն գրգռված։

— Ի՞նչ պատահեց սրան,— հարցրեց նա հյուրերին, ծիծաղելով։

— Վեճը նորոգվեցավ, տիկին, բայց այս անգամ իրավունքը ձեր ամուսնու կողմն է,— պատասխանեց մի երիտասարդ, որ թեպետ ազատամիտ, բայց ցանկանում էր պահպանողական Մաստակյանի համակրությունը գրավել։

— Ինչպե՞ս թե նորոգվեցավ. չէ՞ որ մենք փակեցինք այդ վեճը,— հարցրեց տիկինն անուշ ժպտալով։

— Այո, սիրելիս, փակեցինք,— դարձավ Մաստակյանը ամուսնուն,— բայց ինչպե՞ս փակեցինք։ Դուք բոլորդ համակերպեցիք երեք բանաձևի, առաջին՝ թե կանայք կարող են ամեն սրտի տիրել. երկրորդ՝ թե նրանք են իսկապես մեզ կառավարողը և երրորդ՝ թե ֆրանսիական այն առածը, որ ասում է՝ «Մարդը մտադրում է, իսկ աստված կարգադրում», պետք է փոխել այսպես՝ «Մարդը մտադրում է, իսկ կինը կարգադրում»։ Այդպե՞ս է, թե ոչ։

— Այո, այդպես է. հետո՞։

— Էհ, ես համաձայնվեցա ձեր առաջին բանաձևի հետ ըստ ամենայնի. երկրորդի համար՝ բացասաբար, իսկ երրորդը բոլորովին մերժեցի։ Այնպե՞ս է, թե ոչ։

— Այնպես է։

— Արդ՝ պարոն Միսակյանը ինձ առաջարկում է՝ տալ մի մարդու անուն, որի համար կարելի լինի ասել թե՝ կինը չի կարող նրա վրա ազդել կամ նրա մտադրությունները հեղաշրջել։