Էջ:Muratsan, vol. 5.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավեքի ուժ' քան մեր ժամանակակից ըմբիշ Կուլա Գլդանեցու։ Թերահավատողը թող կարդա այս զրույցը։

Դուք անշուշտ ճանաչում եք փաստաբան Մարուքյանին և գիտեք, որ նա քաջ օրենսգետ է, ընդնմին և հզոր ատենաբան։ Այղ երկու գլխավոր առավելության շնորհիվ՝ նա այսօր Թիֆլիսում աոաջին տեղն է բռնում, գրեթե բոլոր փաստաբանների մեջ, նրա մասին ասում են թե՝ մինչև այսօր չէ կորցրած յուր պաշտպանած դատերից ոչ մինը, որքան էլ այդ դատը զուրկ լիներ պաշտպանության տարրական հիմքերից։ Այս է պատճառը, որ ամեն դատ ունեցող դիմում է Թիֆլիսում միայն Մարուքյանին. և որքան էլ սա անխիղճ վարձ չպահանջե, այսուամենայնիվ, նրան դիմողը վճարում է հոժարակամ. հավատացած լինելով, որ Մարուքյանը պիտի ջախջախե յուր հակառակորդին, թեկուզ դատավորները պաշտպանեն նրան եռանդով։

Այսպիսի բարեմասնություններով օժտված լինելով պարոն Մարուքյանը, հարկավ ունի ոչ միայն մեծ եկամուտ, այլև նախանձելի անուն ու պատիվ։ Եվ հենց այս պատճառով մեր ամենամեծ հարուստները ողջունում են նրան հարգանքով. իսկ նրանցից մեծագույնները ձեռք են պարզում մտերմաբար։

Բայց մի՞թե դուք կարող եք հավատալ, թե այդ նշանավոր փաստաբանի փառքը պիտի նսեմացնե մի... ի՞նչ եք կարծում ո՞վ... մի հասարակ կին. մի թույլ արարած․ և այն էլ ինչո՞վ.— սիրուն աչքերի մի անմեղ հայացքով և ավելի ևս անմեղ ժպիտով...։ Բայց մենք եղելությունը պատմենք։

Մի ամիս առաջ լուր տարածվեցավ, թե փաստբան պ. Մարուքյանը կորցրել է Վլադիկավկազի հաշտարար դատարանում 1500 ռուբլու մի դատ։ Ինչպես տեսնում եք գումարը մեծ չէր և այժմյան առևտրականների հաշվով դա իսկի գումար էլ չէ, բայց խնդիրն այդ չէ։ Դատը վերաբերում է մի խեղճ այրիի, որի համար այդ գումարը մահու և կյանքի արժեք պիտի ունենար։ Բայց որովհետև դրա ստացումը կապ է ունեցել մի քանի փոքրիկ բարդությունների հետ, ուստի նա գործը հանձնել է Մարուքյանին, իսկ ինքը հանգիստ նստել յուր ճախարակի մոտ։