Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ սակայն երկու սիրուն աչքեր դարձրել են այրիի բախտի անիվը։ Ինչպե՞ս է պատահել այդ. ոչ ոք չգիտեր։ Նույնիսկ պ. Մարուքյանը երկար ժամանակ տանջվում էր այն մտածությամբ, թե ի՞նչը արդյոք պատճառ դարձավ յուր անհաջողության։ Եվ սակայն գաղտնիքը լուծվեցավ միայն երկու օր սրանից առաջ, այսինքն, երբ պ. Փուլշատյանը վերադարձավ Մոսկվայից»։

— Պարոն Փուլշատյա՞նը. ինչպե՞ս, ի՞նչ ուներ նա այդ գործում,— բացականչեց հանկարծ տանուտերը և աչքերը մեծ բանալով մոտեցավ պ. խմբագրին։

— Նստի՛ր տեղդ և լսի՛ր,— նկատեց Արտոսյանը և ձախ ձեռքով ետ հրելով անհամբեր տանտիրոջը, նորեն յուր ընթերցումը շարունակեց.

Դատարանի կոչնագիրը հանձնել էին պ. փաստաբանին մայիսի 5-ին, իսկ գործը պիտի քննվեր նույն ամսու 20-ին։ Պ. Մարուքյանը կարող էր Վլադիկավկազ հասնել ամենաուշը երկու օրվա մեջ։ Ուրեմն նրա տրամադրության ներքո մնում էր դարձյալ 13 օր, որոնց նա, ամենայն իրավամբ, կարող էր գործադրել Թիֆլիսում՝ եթե ոչ ի հաշիվ դատարանական պարապմանց, գեթ ի հաճույս յուր նոր բարեկամուհի Մարիա Իվանովնայի, որ մայիսյան օրերը Թիֆլիսում անցնելու համար եկած գեղեցկուհիների մեջ, գրեթե առաջինն էր:

Ո՞վ էր Մարիա Իվանովնան, ո՞րտեղացի էր, ի՞նչ «ֆանտի» տեր էր — այս հարցերը, կարծեմ, չեն ուղղիլ է մեզ ընթերցողները։ Եվ եթե ուղղեն իսկ, չենք կարող բավականություն տալ նրանց հարցասիրության և այդ՝ ոչ թե նրա համար, որ փոքրիկ զրույցի ծավալը չի ներիլ մեզ, այլ այն՝ որ միջոց չենք ունեցել այդ գեղեցկուհու կենսագրությանը ծանոթանալու։ Արդեն հերիք է այն, որ ասացինք թե՝ նա եկել էր Թիֆլիս մայիսյան օրերը այդտեղ անցնելու համար։ Այս մի երկու խոսքից խելոք մարդիկ շատ բան են հասկանում, իսկ բամբասասերը շարադրություն է հորինում։ Բայց թե՝ ի՞նչ գեղեցկուհի էր Մարիա Իվանովնան, այդ կարող ենք ասել, հավատարմությամբ մեջ բերելով պ. Փուլշատյանի խոսքերը, որ հաղորղել է մեզ նրա մտերիմներից մինը։

— Ես, առհասարակ, Ժողովարան չեմ հաճախում,— ասել