Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետևյալ օրը, յուր միայնության ձանձրույթը փարատելու նպատակով նա խոհարարին պատվիրեց պատրաստել հարուստ ճաշ և հրավիրելով յուր մոտ մի քանի մտերիմներ, քեֆ արավ նրանց հետ փառավորապես, և Մարիա Իվանովնայի կենացը խմեց շամպանիայով։ Ժամի 4-ին մոտ նա գրեց գեղեցկուհուն, նաև, մի նամակ, որի մեջ բանաստեղծական լեզվով, բայց փաստաբանական տրամաբանությամբ նկարագրում էր յուր տանջանքը՝ անգութ սիրուհուց այդ կերպ բաժանվելուն համար։

Ժամը 4 1/2-ին Մարուքյանի իրեղենները կապված, վերջացած էին: Նա վառեց յուր սիգարը և մտերիմ սեղանակիցների հետ միասին կառք նստելով՝ սլացավ փոստի կայարանը:

Փուլշատյանը դեռ չէր եկել․ նույնիսկ նրա կառքը չէր երևում բակում.— «Մենք շտապեցինք, Պյոտր Ալեքսեիչը ինձ խնդրել էր գալ ճիշտ ժամը 5֊ին. դարձավ փաստաբանը ընկերներին, պետք չէր մեղանչել նրա ժամադրության դեմ»։

— Այո՛, նա ճշտապահ մարդ է... բայց հոգ չէ. մենք կսպասենք մի քառորդ ժամ,— պատասխանեց ընկերներից մեկը։

Սակայն նրանք սպասեցին կես ժամ, մի ժամ. արդեն վեցի քառորդն էր և պ. Փուլշատյանը դեռ չկար։ Փաստաբանը սկսավ անհանգստանալ։

— Ինչո՞ւ պ. Փուլշատյանի կառքը չեք լծում՝,— դարձավ նա, վերջապես, կայարանի սպասավորներից մինին։

— Փուլշատյանի կա՞ռքը... բայց ձեր ինչի՞ն է հարկավոր նրա կառքը։

— Երևի հարկավոր է, որ հարցնում եմ, болван, բարկացավ փաստաբանը։

— Մենք վաղուց ենք լծել նրա կառքը,— պատասխանեց սպասավորը գլուխը քորելով։

— Հապա ո՞ւր է։

— Նստեց մեջը և գնաց։

— Ինշպե՞ս թե գնաց,— զարմացած բացակտնչեց փաստարանը։

— Գնաց էլի:

— Ո՞վ գնաց, տո՛ւ։