Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պ. Փուլշատյանը։

— Ե՞րբ, ո՞ր ժամին։

— Ժամը 2-ին։

— Անկարելի է. երևի գնացողը ուրիշ է եղել:

— Պ. Փուլշատյանին քնած տեղս կճանաչեմ, նա ինքն էր գնացողը և ինձ էլ մի ռուբլի նվիրեց, որովհետև կառքը լծեցի տասն րոպեի մեջ։

Պ. փաստաբանը մնաց ապշած և նայում էր ընկերների վրա անմիտ հայացքով։

— Այստեղ, անշուշտ, մի թյուրիմացություն կա. Փուլշատյանը չէր կարող ձեզ խաբել. գնա ստուգիր,— առաջարկեց ընկերներից մինը։

Մարուքյանը, որ այդ րոպեին ինչ անելիքը չէր իմանում, համաձայնվեցավ և կառքը նստելով՝ սլացավ դեպի Փուլշատյանի տունը։ Բայց ավա՜ղ, այստեղ էլ նա իմացավ նույնը, ինչ որ լսել էր կայարանի ծառայից. Պյոտր Ալեքսեիչը, արդարև, դուրս էր եկել Թիֆլիսից ճիշտ ժամը 2-ին։

— Ի՞նչ հանելուկ է այս. ինչո՞ւ այդ մարդը այդպես անխղճաբար խաբեց ինձ. ի՞նչ շահ ուներ նա այդ բանում, չէ որ ազնիվ խոսք տվավ, ժամանակ նշանակեց... Միգուցե նա կամեցավ վրեժխնդիր լինել ինձ ու... բայց այդ անկարելի է, մի հասարակ ծանոթության պատճառով վրեժխնդիր լինել այսօրինա՞կ... անկարելի է. չեմ հավատում... այսպիսի մտքերով տանջում էր իրան Մարուքյանը և, միևնույն ժամանակ, կառքը քշել տալիս։

Դառնալով կայարան՝նա հայտնեց ընկերներին որ, արդարև «ազնիվ խոսքի» տեր Փուլշատյանը խաբել է իրան անարգաբար։ Ուստի չգտնելով այլևս եղածն ուղղելու մի միջոց, պատվիրեց իսկույն լծել յուր համար փոստային սայլակ, թեկուզ դրանով նա վնասեր յուր առողջության։ Կայարանի վերակացուն հայտնեց որ սայլակը չի կարող նշանակած ժամին տեղ հասցնել իրան, որովհետև մեծ երթևեկության պատճառով ամեն կայարանում սպասեցնում են ճանապարհորդներին։ Բայց փաստաբանը լսել անգամ չէր կամենում նա պիտի հասներ Վլադիկավկազ նշանակած ժամին: