Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ասելով տանտիրուհին ներս մտավ տուն և նամակը բերելով հանձնեց փաստաբանին։

Վերջինս ծրարը տեսնելուն պես մի խոր հառաչ արձակեց։ Դա յուր այն նամակն էր, որ Թիֆլիսից դուրս գալու օրը գրել էր գեղեցկուհուն, յուր սիրազեղուն զգացմունքները նրան արտահայտելու համար։

Մարուքյանը վերադարձավ տուն և այդ օրից սկսած գրեթե ամբողջ ամիս տանջվող անհամբերությամբ սպասում էր պ․ Փուլշատյանին։ Նա հույս ուներ ոչ միայն ստանալ նրանից յուր կորցրած դրամի վնասը, այլև տեղեկություններ առնել յուր սիրուհու մասին, որի փախուստը, ինչպես գուշակում էր ինքը, սերտ կապ ուներ Փուլշատյանի խոստմնազանցության հետ։

Եվ Փուլշատյանը եկավ։

— Պյոտր Ալեքսեիչ, այս ի՞նչ խաղ խաղացիք ինձ հետ, —. ներս ընկնելով բացականչեց պ. Մարուքյանը, երբ ընդունարանի դուռը բացվեցավ նրա առաջ։ Փուլշատյանը սկսավ ծիծաղել և ծիծաղում էր երկար, հիստերիկական ծիծաղով։

— Ես ձեզանից բացատրություն ու բավարարություն եմ պահանջում,— գոչեց փաստաբանը։

— Նստիր, բարեկամ, նստիր, բարկությունը վնաս է մարդու առողջության,— խոսեց Պյոտր Ալեքսեիչը եզակի և շարունակ ծիծաղելով.— աշխարհում ամեն ինչ պատահում Է, չպետք է զարմանալ։

— Բայց այս պատահար չէ, սա չարագործություն է. դուք մի խեղճ այրիի վերջին հույսը կործանեցիք... — Կամաց, սիրելիս, կամաց, ընտանիքս տանն է. զգույշ պետք է լինել մի փոքր։

— Բայց ախր...

— Ահա՛ քեզ քո վնասը, այդտեղ ուղիղ 1500 ռուբլի է։ Այս ասելով պ. Փուլշատյանը դրավ փաստաբանի առաջ մի կապ ծիածանագույն թղթադրամ։

— Այս ի՞նչ է,— աչքերր մեծ բանալով հարցրեց Մարուքյանը։

— Դա՞, ոչինչ։ Ես քեզ ճանապարհից զրկեցի և ահա քավում եմ իմ մեղքը։