Էջ:Muratsan, vol. 5.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հակառակ դեպքում դատը կկորցներ և դրա հետ միասին էլ այրիի փողերը:

Երբ սայլակը բերին, նա շտապ-շտապ թռավ նրա Վրա և «рубль тебе на чаек» գոչելով՝ հրամայեց կառապանին թռչել քամու պես:

Մեր ընթերցողներն արդեն գուշակում են, որ Մարուքյանը հասավ Վլադիկավկազ մայիսի 20-ին, երեկոյան 4 ժամից 30 րոպե անց. այսինքն, այնպիսի մի ժամանակ, երբ հաշտարար դատավորը յուր գործը վերջացրած՝ հանգիստ ճաշում էր յուր տանը։ Պարզ է, որ նա դատարանում չտեսնելով բողոքարկուին, մերժել էր նրա խնդիրը և գործը դադարեցրել։

Մարուքյանը սրտի նեղությունից ուզում էր տրաքվել. և եթե այդ րոպեին նրա ձեռքը տային Փուլշատյանին, նա կպատառոտեր նրան։

Թեպետ հետևյալ օրը նա դիմեց պ. դատավորին և յուր հետ պատահած ձախորդությունը պատմելով՝ աշխատեց համոզել նրան մի կերպ ուղղել գործը, սակայն դատավորը ոչ միայն մերժեց նրա խնդիրը, այլև ծիծաղեց փաստաբանի վրա՝ նկատելով՝ որ նա ինքը լինելով օրենսգետ՝ այդպիսի անհեթեթ բան էր առաջարկում իրան։ Մարուքյանը, իհարկե, գիտեր յուր առաջարկության ապօրինի լինելը, բայց «խեղդվողր ձեռքը պարզում է ցողունին»։

Ինչևէ, Վլադիկավկազում մնալու էլ գործ չէր մնում։ Պ. փաստաբանը վերադարձավ Թիֆլիս, որ, գոնե, Մարիա Իվանովնայի սիրահամբույր ընկերակցության մեջ մոռանա յուր սրտնեղությունը։ Բայց որքա՞ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ բնակարանի տիրուհին հայտնեց թե՝ «տիկինը հեռացել է թիֆլիսից մի քանի օր առաջ»։

— Ինչպե՞ս, ո՞ւր է հեռացել,— զարմացած ու շվարած հարցրեց Մարուքյանը։

— Չգիտեմ, պարոն, մեզ չհայտնեց գնալու տեղը։ Մինչև անգամ այստեղ բերել են նրա հասցեին ուղղած մի նամակ, որ ես չգիտեմ թե ինչպես պիտի հասցնեմ նրան,— ասաց տանտիրուհին։

— Ի՞նչ նամակ է, չէի՞ք հաճիլ ցույց տալ ինձ։

— Ինչո՞ւ չէ. միայն թե չբանաք։