— Այդ բանն, ուրեմն, դուք սարքել էիք ինձ վրեժխնդիր լինելու համա՞ր։
— Բնավ։ Երդվում եմ իմ գլխով։ Ես այդ կնոջ մասին չեմ մտածել երբեք։ Ընդհակառակը, դուք ինքներդ եք պատճառ դարձել այդ կոմեդիային։
— Ինչպե՞ս։
— Այնպես։ Գնալով նրա մոտ դուք մանրամասն պատմել եք մեր ժամադրության պայմանները, այսինքն թե՝ ժ. 2-ին ես պիտի լինեմ կայարանում, թե 5-ին անշուշտ պիտի ճանապարհվենք. թե ես ցանկացել եմ ծանոթանալ նրա հետ, իսկ դու արգելք ես եղել և այլն և այլն։ Եվ ահա քո գեղեցկուհին, իբրև փորձառու կին՝ օգտվել է քո խոստովանությունից, և որոշել՝ վրեժխնդիր լինել քեզ և անձամբ ծանոթանալ ինձ հետ: Եվ արդարև, մի ամիս շարունակ նա երանական հաճույք պատճառեց ինձ թե ճանապարհորդությանս միջոցին և թե Մոսկվայում։ Իսկ երբ բաժանվում էինք, նա հանձնարարեց ինձ ասել ձեզ՝ Rira bien, qui rira le dernier[1]
Փաստաբանը մի քանի վայրկյան մնաց լուռ, և ապա ձեռքը ճակատին զարկելով` շշնջաց.
— Հիմա՜ր. հիմա՜ր...»։
Երբ պ. խմբագիրը զրույցի ընթերցումն ավարտելով թերթերը ծալեց և ծոցը դրավ, Միսակյանը հարցրեց յուր հյուրնկալին.
— Հա՛, ի՞նչ կարծիք ունիք այժմ Փուլշատյանի մասին. կինը կարո՞ղ է խելքից հանել նրան, թե՞ ոչ։
— Եթե ճիշտ է այն բոլորը, ինչ որ կարդաց պ. խմբագիրը, ապա ուրեմն կանայք կախարդներ են.— պատասխանեց Մաստակյանը հաղթված ձայնով:
— Կանա՞յք, ուրեմն ես էլ նրանց հետ,— ճչաց տանտիկինը և՛ հուզվելով և՛ ժպտալով։
— Չէ, սիրելիս, դու գեղեցիկ չես,— պատասխանեց ամուսինը հանգստությամբ։
Տիկինը թեպետ մի փոքր շառագունեց, բայց դրանով հյուրերի ուրախ տրամադրությունը չխանգարվեցավ։
- ↑ Կուշտ կծիծաղե նա, ով վերջը կծիծաղե: