Էջ:Muratsan, vol. 5.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բամբասանքով» զբաղվելու, կամ, ինչպես իրենք էին ասում՝ «ազգային նորություններից» խոսելու:

Օրիորդ Սևիկյանի վերջին բացականչությունը, որ, ըստ երևույթին, յուր հոգվո ամենաքնքուշ լարերի ձայնն էր, և այդ պատճառով էր նրա շարժուն ու կենդանի դեմքի վրա մի թեթև շառագույն բերավ, ոչ միայն ցանկալի ազդեցություն չարավ պաշտոնակիցների վրա - այլև շատերի ծիծաղը շարժեց:

Դրանցից մինն էր պ. Մեհերյանը։ Սա թեպետ մեծ խելքի տեր չէր, բայց որովհետև ավելի շատ լռում էր, քան թե խոսում, այդ պատճառով օրիորդները վախենում էին նրանից՝ իբրև խորագետ մարդուց։

— Ի՞նչի համար եք ծիծաղում, պարոն Մեհերյան,— ձայն տվավ օրիորդ Լազարյանը, իբր թե Սևիկյանին պաշտպանել կամենալով, բայց նա իսկապես ցանկանում էր վարժապետի ծիծաղի պատճառն իմանալ, որպեսզի ինքն էլ ծիծաղեր։

— Ես չեմ ծիծաղում,— ասաց Մեհերյանը։

— Ոչ, ծիծաղում էիք. ես այդ տեսա,— պնդեց օրիորդը։

— Այո՛, այո՛, ծիծաղում էիք. մենք տեսանք, ինչո՞ւ համար եք ծիծաղում,— ձայն տվին այս ու այն կողմից մի քանի վարժուհիներ, գրեթե ճչալով։

— Դեհ, լավ, ծիծաղում էի. ի՞նչ եք ուղում այժմ,— խոսեց Մեհերյանը կարծես բարկացած։

— Կամենում ենք, որ ձեր ծիծաղի պատճառը բացատրեք,— պատասխանեց օր. Լազարյանը։

— Ծիծաղում եմ նրա համար, որ օր. Սոփին (Սևիկյան) այս պատկերի աչքերում կրակ է գտնում և կամենում է, որ մենք նրանով ոգևորվենք։

— Ի՞նչ, ուրեմն դուք կրակ չե՞ք գտնում,— ճչալով հարցրեց օր. Լազարյանը, աշխատելով յուր ծիծաղը բռնել:

— Ինձ թվում է թե՝ այդ աչքերի չորս կողմից երկու ֆունտ ճարպ կհանեին, եթե մեռած ժամանակ անդամատեին...— պատասխանեց պ. Մեհերյանը և նորից ծիծաղեց, հավատալով որ շատ սրամիտ դիտողություն է արել։