Էջ:Muratsan, vol. 5.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց որովհետև վարժուհիներն էլ այդ կարծիքին էին, ուստի նրանք Էլ սկսան ծիծաղել։

Օրիորդ Սևիկյանը նորից վեր կացավ, դառնությամբ նայեց յուր շուրջը, և նորից խոսեց.

— Պարոննե՛ր, գուցե ես սխալվեցա որ կրակ գտա այս բարերարի աչքերում. ներողություն եմ խնդրում այդ մասին: Բայց այն, որ ասացի թե՝ սա ամոթահար պիտի անե ձեզ, իրավացի էր: Դուք ձեր հոռետեսությամբ չար ապագա եք գուշակում մեր տաճկահայ եղբարց համար։ Ասում եք թե՝ բռնության երեսից փախչողներն ու մեզ ապավինողները՝ քաղցից ու մերկությունից պիտի կոտորվին, իսկ բուն հայրենիքում մնացողները՝ բարբարոսների սրածությունից։ Այդպիսով ուրեմն, եթե ձեզ հավատանք, տաճկահայերի համար երկու ելք է մնում, կամ ազգովին կորուստ, կամ հավիտենական ստրկություն։ Իսկ ես ասում եմ, որ դուք ամենքդ էլ չարաչար սխալվում եք։ Մի ազգ, որ ունի յուր մեջ այնպիսի հարուստ ու կարող անձինք, որպիսին մեր ազգն է, անկարելի է, որ թույլ տա յուր որդվոցը այդ ձևով անհետանալ։ Մեր հարուստները, այո՛, սիրտ ունին, հոդի ունին և ճգնաժամի միջոցին՝ բախտի ձեռքը չեն թողնիլ օգնության կարոտ եղբորը։ Իբրև ապացույց՝ բերում եմ ձեզ ահա այս պատկերը...։ Ո՞վ է սա. մի հարուստ, գուցե և տգետ հայ, բայց յուր բոլոր կարողությունը կտակել է ազգին, նրա միակ կամքը փրկել է հարյուրավոր մանուկներ տգիտության ճանկերից։ Արդ, եթե մի հասարակ հարուստ կարողացել է այս անել, ինչեր չեն անիլ այժմ մեր միլիոներները, որոնց թիվը, բարեբախտաբար, հետզհետե աճում է — շնորհիվ Բաքվի ինքնաբուխ ոսկիների...

Ասում եք թե՝ ընդհանուր գաղթականների կարիքը հոգալու, նրանց նորեն հայրենիք վերադարձնելու, կամ Հայաստանում մնացող սովալլուկների դրությունը բարվոքելու համար բավական է հինգ հարյուր հազար ռուբլի։ Այդ, մի՞թե հայ ազգը այնքան ընկել, նվաստացել է, որ նրա հարուստները իրանց եղբարց փրկության համար չեն կարող այդ փոքրիկ գումարը հայթայթել...