Էջ:Muratsan, vol. 5.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ գիշերներն էին շրջում գյուղից դեպի գյուղ, կամ մի վանքից դեպի մյուսը։

Այս տառապանքների օրերում վրա հասավ նաև մի սարսափելի սով, որ ավեր և ապականություն սփռեց ամբողջ Հայաստանի վրա։

Սովին հետևեց ժանտախտը, որ ճարակեց այդ երկրի բազմաթիվ գավառները։ Հազիվ այդ երկու բնական պատուհասները դադարեցին, և ահա՝ Ջելալիք կոչված ավազակախմբերը, որոնց առաջնորդում էին թուրք պաշտոնանկ փաշաներ և բդեշխներ, ողողեցին Հայաստանը և աննկարագրելի ավեր ու սրածություն սփռելով նրա մեջ՝ կողոպտեցին ու հափշտակեցին բնակիչների գույքն ու ստացվածքը և հարուստ ավարով ու բազմաթիվ գերիներով իրենց որջերը դարձան։

Այս ամենը շարունակվում էր մինչև 1602 թվականը։ Եվ որովհետև այս արտաքո կարգի թշվառությունների հետ միասին Հայաստանը կառավարող օսմանյան պետական կուսակալներն ու իրենց հարստահարություններն էին շարունակում, ուստի Ժողովրդի տառապանքների հետ միասին կրկնապատկվեցան նաև կաթողիկոսական Աթոռի պարտքերը, իսկ Դավիթ ու Մելիքսեթ կաթողիկոսները ավելի ծանր նեղությունների ու հալածանքի ենթարկվեցան։ Ի վերջո տեսնելով նրանք որ ազատվելու հնար չունեն, հրավիրեցին իրենց մոտ — Ջուղա քաղաքը, Սմդայի հաջորդ Սրապիոն վարդապետին, որը մի իմաստուն և առաքինի մարդ էր և հայրենական հարուստ ժառանգություններ ուներ, և առաջարկեցին նրան՝ հանձն առնել կաթողիկոսությունը և յուր ունեցած հարստությամբ ազատել Աթոռը պարտքից ու ավերմունքից։

Թեպետ սկզբում առաջարկված պայմանների հետ համաձայնել չկարողանալով՝ նրանք բաժանվեցան, բայց հետո, նույնիսկ Ջուղայի ժողովուրդը, առաջին երկու կաթողիկոսների՝ Աթոռից հեռանալը անհրաժեշտ համարելով, ինքը Սրապիոնին տարավ Էջմիածին և կաթողիկոս օծել տալով, Աթոռը հանձնեք նրան:

Եվ ահա այդ ժամանակ, այն է 1602 թվականին, ընդհանուր հայոց մեջ, վեց օծյալ կաթողիկոսներ կային, որոնցից