պարտքից ու հալածանքից չազատվեցան, ըստ որում օսմանցի կուսակալները սրանցից հին պարտքերն էին պահանջում, իսկ Սրապիոնի վրա նորերը բարձում, ուստի մի կարի կորստաբեր խորհուրդ հղացան՝ այն է՝ դիմել պարսից Շահաբաս թագավորին, որը այդ ժամանակ հետզհետե զորանում էր յուր երկրում, և հրավիրել նրան Հայաստան, թե՛ երկիրը գրավելու և թե անվերջ հարկերից ու պարտքերից իրենց ազատելու։ Եվ շուտով էլ այս խորհուրդը գլուխ հանեցին։ Մելիքսեթ կաթողիկոսը մի քանի եպիսկոպոսների հետ միասին գնալով Սպահան, ներկայացավ Շահաբասին և յուր պաշտոնակցի ու հայ ժողովրդի կողմից Հայաստանը գրավելու խնդիրն առաջարկեց նրան:
Շահաբասը սիրով լսեց նրա խնդիրը, երկրի ամեն հանգամանքների մասին տեղեկություն առավ նրանից և ապա մեծամեծ խոստումներ անելով կաթողիկոսին, ծանր զորքով Հայաստան մտավ։
Այս առաջին արշավանքի ժամանակ, այն է՝ 1603 թվին նա գրավեց օսմանցիների՝ յուր հորից խլած բոլոր գավառները: Երկրորդ արշավանքի ժամանակ, այն է՝ 1605 թվին, օսմանցիների զորեղ հետապնդությունից խուսափելով, նա Հայաստանի մի քանի նահանգները դատարկեց բնակիչներից և նրանց բոլորին քշեց Պարսկաստան։ Այդ բազմամբոխ ժողովրդի գրեթե կեսը նա խեղդեց Երասխի մեջ՝ նրանց այդ գետից շտապով անցնելու ժամանակ, և հազիվ կես մասը հասցրեց յուր երկիրը։ 1606-ին կրկին վերադառնալով՝ Շահաբասը պաշարեց օսմանցիների գրաված Նախիջևան, Երևան, Գանձակ և այլ քաղաքները, և ամենին հետզհետե տիրելով, յուր Ամիրգունտ նախարարը վերակացու կարգեց նրանց վրա։ Ապա այնուհետև մինչև 1620 թվականը, 2 կամ 3 տարին մի անգամ, դարձյալ արշավում էր Հայաստան, օսմանցիների հետ պատերազմելու նպատակով և ամեն անգամ էլ մեծամեծ նեղություններ էր պատճառում թե՛ հայ ժողովրդին և թե՛ մանավանդ էջմիածնա Աթոռին։
Ինչպես որ մի քանի դար առաջ պարսից և հունաց, այնպես էլ այժմ պարսից և օսմանցոց գահակալների համար Հայստանը դարձել էր մի կռվախնձոր։մՉնայելով որ նա բաժանված