էր արդեն երկուսի մեջ, այնուամենայնիվ նրանցից ամեն մեկը «սահման քաջացն զենն յուրյանց» հին առածին հետևելով՝ խլում էր մյուսից նրա տիրապետած գավառները, երբ այդ իրեն համար հաճելի կամ հնարավոր էր լինում։ Եվ այդ անում էր ոչ թե կանոնավոր պատերազմ մղելով յուր հակառակորդի դեմ, այլ ավեր և ապականություն սփռելով ընդհանուր երկրի մեջ, քաղաքներն ու գյուղերը քանդելով, բնակարանները կողոպտելով և հրդեհելով, ժողովուրդը կոտորելով կամ գերի վարելով։ Եվ այս բոլորի համար տուժում էր Հայաստանի ապաբախտ ժողովուրդը թե՜ արևելյան և թե արևմտյան մասերում։ Մանավանդ այն պատճառով, որ երկու կողմից կռվող հակառակորդները՝ թյուրք թե պարսիկ, մանավանդ բերդեր ու ամրոցներ պաշարելու կամ առնելու ժամանակ, մեծ մասամբ հայ զինվորներ էին հավաքում իրար դեմ կանգնեցնում, ստիպելով խեղճերին, որ եղբայրները եղբայրներին կոտորեն։
Ահա այս տագնապալից ժամանակներում օգնության էր հասնում ժողովրդին Սյունյաց անապատը կամ վարդապետարանը։ Նրա հայրենասեր միաբանությունը, որին գլուխ էր կանգնած Սարգիս եպիսկոպոսը և որի մեջ փայլում էին Մովսես վարդապետ Սյունեցին, Կիրակոս Վ. Տրապիզոնցին, Պողոս Վ. Մոկացին, Արիստակես վ. Շամբերին, Թովմաս եպիսկոպոս Տաթևացին, Դավիթ եպ. Շամխորեցին, Կարապետ եպ. էջմիածնեցին, և այլն և այլն. դրանք ամենքը վերցնելով իրենց հետ նաև իրենց հասուն աշակերտները, ցրվել էին Հայաստանի զանազան կողմերը և գործում էին։
Ի՞նչ էին անում.— մինը շրջուն քարոզչի պաշտոն ստանձնելով՝ հուսադրում ու մխիթարում էր վհատյալ ժողովրդին և սովորեցնում նրան ժամանակի անցավոր նեղություններն արհամարհել: Մյուսը՝ գերի գնացող ազգակիցներին ընկերանալով և նրանց կրած տանջանքներին մասնակցելով յուր հայրական խրատներով կազդուրում և ամրապնդում էր նրանց հավատը և վառ պահում ազգային զգացումը։ Երրորդը՝ երկրից գաղթել ուզող ժողովրդին հորդորում էր ժամանակավոր նեղություններից չընկճվել և հայրենական տունն ու անդաստանը օտարին չմատնել։ Ոմանք քաղաքներում ու գյուղերում