Էջ:Muratsan, vol. 5.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կարծես մի շատ օրինական խնդրի մասին էր խոսում:

— Արեգակնափայլ շահը մեզանից յուրաքանչյուրին իրեն արժանի պաշտոնն է տվել, նկատեց նախարարը և հեռացավ, արհամարհական հայացք ձգելով խոսակցի վրա:

Շահռուխ-բեկը խորը խոցվեցավ խանի այդ ակնարկությունից, բայց չպատասխանեց, որովհետև գիտեր, որ շահը համարում ունի նրա վրա: Այդ հանգամանքը թեպետ կապեց յուր լեզուն, բայց և այնպես նա որոշեց անվճար չթողնել այդ պարտքը:

Բ

Նոյեմբերի սկիզբն էր, Տամբրի ու Պլլուն սարերը, որոնք բարձրանում էին Ցղնա ավանի երկու կողմերից, ծածկվել էին մառախուղով, ձյունը անընդհատ փոթորկում էր և քամին շառաչում Ցղնայի ձորակի մեջ։ Խոջա-Անձրևի տան առաջ պատրաստ կանգնած էր նրա ձին։ Հետևորդ ծառան գոտեպրնդված և սանձը ձեռին սպասում էր տիրոջը։

Խոջա-Անձրևը դուրս եկավ պատշգամբ. նայեց դեպի ձորակի տարածությունը և հարցրեց ծառային.

— Ձյունը չի՞ դադարում։

— Ոչ, տեր իմ, և երևի շուտ էլ չի դադարիլ, — պատասխանեց ծառան և յուր այծենակաճի[1]փեշով սկսավ ձիու թամբի վրա իջած ձյունը սրբել։

Խոջա-Անձրևը, որ միջահասակ, գիրուկ մարմնով, բարեդեմ և թեպետ ալևոր, բայց դեռ ուժեղ և եռանդոտ մի մարդ էր, նորից կամենում էր մտնել տուն, երբ տեսավ Ցղնայի քահանային, որ շտապ քայլերով դիմում էր դեպ իրենց դարբասը:

  1. Բուրկա, յափունջի: