— Դեհ, որդի, էլ ուշանալու ժամանակ չէ, շուտ հեծիր ձիդ և ճանապարհվիր,— ասաց քահանան տան սանդուղքներից բարձրանալով և մի ծալծլած թուղթ խոջային ուղղելով։ —Տես, խեղճ մարդը ածուխով է գրել, բանտի մեջ ո՞վ կտար նրան մելան ու գրիչ. բայց կարողացել է ժամանակին հասցնել։
— Ո՞վ բերավ այս նամակը,— հարցրեց խոջան և թուղթը շտապավ առավ քահանայից։
— Իմ սարկավագը. ուղիղ կաթողիկոսի մոտից է գալիս։
— Ի՞նչ է ասում, դեռ կապվա՞ծ է նա։
— Այո՜, մեր մեղքից. այն էլ ծանր շղթաներով։ Նախարարը միջնորդել է որ գոնե այդ շղթաներից ազատեն վեհին, բայց շահը մերժել է։ Եվ այդ դրության մեջ էլ, ասում են, պիտի տանե Պարսկաստան, եթե չկարողանանք պարտքերի համար մի բան հոգալ։
— Օ՛, ի՛նչ սև օրերի հասանք և արդյոք մեր ո՞ր մեղքերի համար, բացականչեց խոջան և ապա սկսեց կարդալ նամակը, որ բաղկացած էր հետևյալ տողերից.
«Բարեպաշտ որդիք.
Երկու օր առաջ իմ տանջանքները թեթևացրին, այսինքն, ոտքերս գելարանից հանելով՝ շղթաների մեջ դրին. ֆարրաշբաշին ասաց թե՝ շահը որոշել է գալ Ագուլիս, այդ պատճառով էլ հրամայել է շղթայել ինձ հետիոտն այդտեղ բերելու համար։ Ինձ չի վշտացնում այս անարգանքը, որ կրում եմ Աթոռի վրա բարձած անիրավ պարտքերի համար։ Գուցե ես ունեմ նաև հանցանքներ, որոնց համար պատժում է ինձ աստված. թող ուրեմն իմ բերանը տրտունջ չարտասանե նրա սուրբ կամքի դեմ։ Բայց վշտանում եմ սաստիկ, որ շահի գալուստը նոր թշվառություն պիտի բերե ձեր գլխին։ Նախարարը յուր հավատարիմի ձեռքով գաղտնի ինձ հայտնեց թե՝ շահը Ագուլիս հասնելուց «մանկաժողով» պիտի անե... Ուրեմն շտապեցեք չարիքի առաջն առնել, քանի ավերող ոտքը չէ կոխել ձեր հողը։
Աշխատեցեք մանավանդ հեռացնել «փրանկներին»։ Շատ