Էջ:Muratsan, vol. 5.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան նրանք են թելադրում։ Օգուտ են քաղում մեր նեղ դրությունից, կարծես Մահմեդի սուրը բավական չէ՝ նրանք էլ մի կողմից են զենք տալիս բարբարոսների ձեռքը... Աշխատեցեք, ի սեր աստուծո, փառավոր ընդունելություն անել. գուցե նախախնամությունը մեղմացնե շահի սիրտը։

Մելիքսեդեկ
Մշտաչարչար կաթողիկոս»։

Խոջա-Անձրևը ընթերցումը վերջացնելով, գլուխը շարժեց և նամակը ծալելով ծոցը դրավ։

— Պատրաստվիր, էլ սպասելու ժամանակ չէ,— հրամայեց նա ծառային և ներս մտավ։

Ծառան կապեց իսկույն պայուսակը ձիու գավակին, մաքրեց նորից տիրոջ ձիու թամբը և պատրաստ կեցավ։

Խոջան դուրս եկավ տանից շալե վերարկուն հագած և երկար արծաթապատ հրացանը ձեռին։ Դա ժամանակվա նորահնար և խիստ հարգի զենքն էր և հայերից միայն ընտրյալներն ունեին իրավունք կրելու, այսինքն նրանք, որոնք արժանավոր ծառայություն էին արել շահին կամ նախարարին, կամ որոնց վերջինս իբրև առանձին շնորհ՝ կթույլատրեր կրելու։

Խոջայի հետ դուրս եկավ նաև նրա ամուսին Սառա-խաթունը, որ թեպետ տարիքն առած, բայց տակավին գրավիչ, քաղցրահայաց, բարեսիրտ և կարի ժրագլուխ մի կին էր։ Նա հայտնի էր ոչ միայն Գողթան գավառին, այլև նույնիսկ Շահաբասին։ Վերջինս նրան տեսել էր առաջին անգամ Ջուղայում և այնքան հավանել՝ իբրև ընտիր մոր և տանտիկնոջ, որ նրան լուր «մայր» էր անվանել։

— Ասա որ տղաներին ու հասակավոր աղջկերանց օր առաջ գյուղերը ցրեն, — պատվիրում էր ամուսնուն Սառա-խաթունը։— Այստեղ ես կարող եմ հիսուն հոգու տեղ պատրաստել. յուրաքանչյուր երկու հոգուն կզետեղեմ մի ընտանիքում. բայց մյուս գյուղերը թող քսան-քսան հոգուց ավելի չուղարկեն և ամեն ընտանիքի չվստահանան. ամեն տեղ առաջուց մարդիկ ղրկեցեք, ամենքին զգուշացրեք։

— Անպատճառ, անպատճառ,—ասաց խոջան և արագ