Էջ:Muratsan, vol. 5.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաջողությամբ կարողանա ուսուցանել թե՜ մանուկ սերնդին և թե՝ հասակավոր ազգակցացր, նա ամուսնանալուց հետո քահանա ձեռնադրվեց և կարգվեց հովիվ Խցաձորի ս. Հովհաննես եկեղեցում։

Ի՞նչ էր անում այնուհետև տեր-Անդրեասը, ի՞նչպես էր արդյունավորում Սյունյաց անապատի ներշնչած գաղափարները. այդ կտեսնենք:

Նրա առաջին գործը դպրոցն էր, որի մեջ՝ ուսման հետ միասին՝ ջամբում էր հայ մանուկներին առաքինության և հայրենասիրության անարատ կաթը։ Նա գիտեր որ ինքը, յուր ընկերները և ուսուցիչները բավական չէին դեռ ժամանակակից թշվառությունները բառնալու, հայրենիքի խոպանացած դաշտերը հերկելու և մշակելու համար, թե հարկավոր էր միշտ և շարունակ նոր մարդիկ ու նոր մշակներ հանել այդ դաշտերը... նա գիտեր, միևնույն ժամանակ, որ յուր խնամքին հանձնված մանուկներից պիտի հառաջանային ապագա մշակներն ու գործիչները, ուստի և անընդհատ տնքում, աշխատում էր ոչ միայն ավանդել նրանց ժամանակին հարմար ուսումը, այլև ներշնչել նրանց այն հոգին, որ ստացել էր ինքը Սյունյաց վարդապետարանից, ներշնչել բարվո, ճշմարտի և մանավանդ թե՝ անձնվիրության գեղեցիկ զգացումները, պատրաստել նրանցից և՜ առաքինության քարոզիչներ, և՛ հավատո զինվորներ, և՜ գաղափարի նահատակներ... Չէ՞ որ այդ բոլորին կարիք ուներ հայրենիքը, որ ճնշվում էր այդ ժամանակ բռնության անիրավ լծի տակ...

Ահա դրա համար էր աշխատում տեր-Անդրեասը Ագուլյաց դպրոցի մեջ։

Իսկ դպրոցից դուրս նա քահանայություն էր անում, բայց իհարկե, ոչ այնպես, ինչպես որ անում էին մյուս քահանաները, այսինքն, աստվածային պաշտոնը նյութական եկամտի աղբյուր դարձնողները, ո՜չ, նա քահանայություն էր անում բառի իսկական և ազնվագույն նշանակությամբ, այսինքն այնպես, ինչպես հասկանում էին այդ պաշտոնը նախնի սուրբ հայրերը՝ «լինել քահանա աստուծո բարձելո» և կամ «փոխանորդ աստուծո երկրի»։ Որքա՞ն մեծ և վսեմ կոչում, բայց որքան ստորացած ժամանակակից տգիտության շնորհիվ...: