Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն այդ տգիտությունից ազատ էր տեր-Անդրեասը, ուստի և կատարում էր յուր պաշտոնը սրբությամբ: Նա չէր բավականանում եկեղեցուն սպասավորելով, կամ տաճարի մեջ քարոզներ խոսելով, այլ քահանայություն էր անում նաև տներում: Նա գիտեր թե որքա՜ն մեծ է թշվառների թիվը աշխարհում և, հետևապես, այն ժողովրդի մեջ, ուր ինքը քահանայագործում էր, ուստի և ազատ ժամերը գործ էր դնում այդ թշվառների կամ օգնության կարոտ անձանց նեղությունները բառնալու կամ թեթևացնելու համար: Եվ այդ դեպքում նա ոչ թե սպասում էր որ կարիք ունեցողը գար և խնդրեր իրեն, այլ ինքն էր գնում և պտրտում նրանց: Այսպես նա մտնում էր աղքատի խրճիթը, հիվանդի խուցը, որբերով շրջապատված այրիի տնակը և ամեն մեկի կարիքն իմանալով՝ շտապում էր նրան օգնության հասնել՝ աղքատին ապրուստ հայթայթելով, հիվանդին՝ սպեղանի մատուցանելով, այրիին՝ ապավեն ու խնամակալ գտնելով և հալածվածին՝ պաշտպան հանդիսանալով. Նա մտնում էր հարուստի կամ հզորի տունը, բայց ոչ յուր համար շահ որոնելու, այլ միշտ մի տկար անձի կամ ընտանիքի կարիքը հոգալու, նրա համար շնորհ կամ պաշտպանություն հայցելու:

Բացի նյութապես նպաստելը՝ նա օգնում էր ժողովրդին նաև բարոյապես: Եթե երկու բարեկամների մեջ խռովություն էր ծագում, տեր-Անդրեասը իսկույն հայտնվում էր նրանց մեջ: Յուր քաղցր խոսքերով, շահավետ խորհուրդներով նա դադարեցնում էր կրքերը, դադարեցնում խռովությունը և հաշտության ստիպում հակառակորդներին: Եթե ամուսինների մեջ գժտություն էր պատահում, սիրո կամ սրբության ոգին հալածվում նրանց տնից և դրան փոխարինում չարության ճիվաղը, տեր-Անդրեասը դարձյալ երևում էր նրանց մեջ: Նա հետաքննում էր նախ գժտության պատճառները և ապա մեղմ խրատներով, սրտագրավ հորդորներով ջերմացնում նրանց սառած սրտերը, զարթեցնում նորեն ընտանի զգացումները, կյանք տալիս նրանց կենազուրկ հոգուն և այդիպսով շինում կործանվող տունը։

Եթե հանկարծ վախճանվում էր մեկի սիրելին, որի համար նա մնում էր անմխիթար, տեր-Անդրեասը չէր բավականանում