Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեր-Անդրեասը դարձել էր յուր ժողովրդի սուրբն ու պատգամախոսը։

Եվ այս իսկ պատճառով, եթե յուր կարգակիցների մեջ կային շատերը, որոնք անկեղծորեն սիրում էին նրան, որպիսին էր օրինակ, ծերունի տեր-Հովսեփը, այսուամենայնիվ, պակաս չէին և այնպիսիք, որոնք ատում և արհամարհում էին, որովհետև չէին կարողանում տեսնել ժողովրդի դեպի նրան տածած մեծ համարումը և չնախանձել նրան, ինչպես, օրինակ, տեր-Սարգիսը:

Բայց նա ամենքին պատվում, հավասարապես սիրում և նույնիսկ յուր չարակամներին բարի էր ցանկանում, վասնզի ճանաչում էր յուր պաշտոնը, հարգում էր յուր կոչումը, և գիտեր որ իբրև քրիստոնյա և Քրիստոսի օրինաց ուսուցիչ պարտավոր էր ներել յուր եղբորը, եթե նա մեղանչեր յուր դեմ «մինչև յոթանասուն և յոթն անգամ...»։

Չէր մոռանում Քրիստոսի այն խոսքը, թե՝ «Այժմ գիտասցեն ամենքեան եթե իմ աշակերտ էք թե սիրեցեք զմիմեանս»։

Բայց նա խիստ էր դեպի անուղղա չարերը և անբարոյականները. նա հալածում էր նրանց, որքան յուր ուժերը ներում էին իրեն, որովհետև այդպիսիները վնասում էին ժողովրդին թե՛ նյութապես և թե բարոյապես, դառնում էին գայթակղության քար, մոլորեցնում էին անփորձներին և խանգարում հասարակական անդորրությունը։

Այդպիսիների կարգն էր դասում տեր-Անդրեասը նաև միաբանող կամ ունիթոր կոչված պապականներին, որոնց ժողովուրդը «ֆռանկ» անունով էր ճանաչում։ Այդ քարոզիչները, ինչպես նախադության մեջ հիշեցինք, պապի ստրուկների թիվը բազմացնելու նպատակով, ամեն միջոց գործ էին դնում հայադավաններին մոլորեցնելու և իրենց եկեղեցու ծոցից հեռացնելու համար։ Այդպիսով նրանք ժողովրդի մեջ սերմանում էին գժտություն և խռովություն, իսկ ընտանիքների մեջ մտցնում բաժանման ոգի։ Այդպիսի վարմունքը տեր-Անդրեասը համարում էր ազգակործան, և հակաքրիստոնեական վարմունք. այդ պատճառով էլ զինվում էր ունիթորների դեմ յուր բոլոր զորությամբ։ Նա նրանց ավելի վնասակար տարր էր համարում, քան կեղեքիչ պարսիկներին, ըստ որում պարսկի