Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տված վնասը նյութական էր և ժամանակավոր, մինչդեռ սրանցը տևական էր և հոգևոր։ Պարսկի հարվածը շուտով կմոռացվեր, իսկ սրանց տվածը դարերի ընթացքումք ազգի մարմնի մեջ վերք ու թարախ, կսկիծ և վիշտ պիտի գոյացներ...։ Եվ ո՞վ գիտե թե մի օր, հենց հայրենիքի փրկության գործը դարբնելու ժամին, դարերով առաջ սերմանած այդ գժտությունը՝ արգելք չպիտի լիներ Սուրբ ու Մեծ գործին՝ ծնելով դրանց միջից սադրողներ ու դավաճաններ...:

Այս նկատմամբ, ահա, հայրենասեր երեցը ոչ միայն չէր ներում «փրանկների» վարմունքը, որոնք Ավետարանը դարձրել էին մարդորսության ուռկան, այլև հզորապես մարտնչում էր նրանց դեմ թե հրապարակական քարոզությամբ և թե յուր հոտի յուրաքանչյուր անդամին առանձնապես այդ մարդորսներից զգուշացնելով և կամ մոլորյալներին նորեն հարազատ մոր գիրկը դարձնելով։ Այդ դեպքում ունիթորները տեր-Անդրեասին ընդունում էին իբրև հզոր հակառակորդ և աշխատում էին զանազան միջոցներով արգելք լինել նրա գործունեության, որը, սակայն, օրըստօրե ավելի լայն ծավալ էր ստանում։

Ահա այս մարդն էր Անդրեաս երեցը, որին թողեցինք մենք ս. Հովհաննես եկեղեցու գավթում, ժամավորների բազմության հետ խոսելիս։

Այժմ նորեն դառնանք նրա մոտ։

Ե

Այդ երեկո ժամավորները շրջապատել էին տեր-Անդրեասին՝ սովորական խնդիրներից դուրս մի ուրիշ նորության մասին խոսելու։ Եվ որովհետև զրույցը կարող էր երկարել, իսկ դրսում ցուրտը սաստկանում էր, ուստի տեր-հայրը հրամայեց ժամկոչին կրակ վառել դպրոցատանը։

Երբ ծերունին յուր գործն ավարտեց, երեցը հրավիրեց ժամավորներին դպրոցատան սրահը։

Դա երկար ու ընդարձակ մի ներքնատուն էր, նեղ ու բարձրադիր պատուհաններով և քարյա կամարակապ առաստաղով: