Էջ:Muratsan, vol. 5.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց ի՞նչ կկորցնենք եթե որևէ վտանգի ժամանակ շահին հայտնենք թե՝ մենք Երազմոսի ժողովուրդն ենք,— Հարցրեց ժողովականներից մինը:

— Այն, որ մի անգամ արդեն շահի ներկայությամբ այդպիսի վկայություն տալուց հետ՝ այլևս իրավունք չեք ունենալ ունիթոր չհամարվել կամ Երազմոսի ժողովուրդը չլինել։ Մի՜ կարծեք թե պապական վարդապետը լոկ ձեզ բարիք անելու նպատակով պիտի միջնորդն շահին։ Երբեք: Նա գիտե որ այնուհետև ձեզ կարող է պապական շինել ֆարրաշների մտրակով։

— Ի՞նչ ես ասում, տեր-հայր, մի՞թե այդպիսի բան կարող է լինել:

Ավելի վատթարը կլինի: Միայն թե դուք զգույշ կացեք և հայր Երազմոսին պատահած ժամանակ, եթե նորեն այդպիսի առաջարկություն լսեք նրանից, ասացեք թե պապից և պապականներից առավել հզոր պաշտպան ունիք դուք և բնավ կարոտ չեք նրանց խնամակալության:

— Բայց ո՞վ է մեր պաշտպանը, տեր-հայր,— հարցրեց մի ծերուկ։

— Նա, որի աջը կառավարում է տիեզերքը, նա, որի ձեռքումն է թագավորների սիրտը...— Հանդիսացար պատասխանեց երեցը և ձեռքը բարձրացրեց դեպի երկինք։ Այդ խոսքերը ասվեցան այնպիսի ուժով, որ երկյուղած բարեպաշտներից մի քանիսը երեսները խաչակնքեցինք:

Այդ միջոցին բակում լսվեցավ ձիաների ոտնատրոփ և ամենքը իրենց ուշադրությունը լարեցին։

— Ո՞վ է այս,— հարցրեց տեր–Անդրեասը ժամկոչին, որ կանգնած էր դպրոցատան մուտքի առաջ։

— Տեսնեմ,— ասաց ծերուկը և դուրս վազեց:

Բայց մինչև նրա վերադառնալը ներս մտավ ինքը նորեկը, այծենակաճի մեջ փաթաթված, մորթե գդակը մինչև աչքերը քաշած և երկար, արծաթապատ հրացանը ձեռին:

— Օրհնյա տեր,— ասաց նորեկը և առաջ անցավ։

— Աստված օրհնեսցե,— պատասխանեց երեցը և տեսությունը լարեց՝ իմանալու համար, թե ո՝վ է եկողը, որովհետև կանթեղի տկար լույսը չէր оգնում իրեն լավ տեսնելու։