շրջապատողները, գլուխը բարձրացրեց և նայեց ժողովականներին։
— Ի՞նչ պիտի անենք, տեր-հայր,— կրկնեցին վերջինները։
— Այն, ինչ որ այդպիսի դեպքերում անում են ուրիշները,— մեղմով պատասխանեց երեցը։
— Այսի՞նքն։
— Պիտի աշխատենք թաքցնել գեղեցիկներին։
— Բայց ո՞րտեղ։
— Մոտիկ գյուղերում։
— Օրինա՞կ։
— Վաղավեր, Վանանդ, Տեռնիս, Փառակերտ, Քաղաքիկ, Ցղնա... մի՞թե քիչ տեղեր ունինք,— նկատեց տեր-Անդրեասը։
— Ցղնա կարող եք հիսուն հոգի ուղարկել. խաթունս խոստացավ այդքան հոգի տեղավորել այնտեղ,— խոսեց խոջա-Անձրևը։
— Օրհնյալ լինի Սառա-խսթունը, որ ամեն դեպքում օգնության է հասնում մեզ,— ասաց տեր-Անդրեասը.— եթե մեր բոլոր կանայք նրա պես ժրագլուխ լինեին, որքան գործեր կարող էինք առաջ տանել...։
— Էհ, ի՞նչ կարող էինք անել բռնավորի ձեռքի տակ,— նկատեց ծերուկ ժամավորը։
— Հայրիկ, մի՞թե բռնավորը մարդ չէ, մսից ու արյունից չէ շինված․ ինչո՞ւ նա կարող է սպանել, իսկ մենք՝ ոչ։ Մի՞թե նա սուրը ձեռին է ծնվել, իսկ մենք շղթայակապ... զանազանությունը մեր և նրա մեջ այն է, որ նա շարունակ բռնաբարում ու կեղեքում է, իսկ մենք հնազանդում ենք։ Բայց եթե մի անգամ սովորեինք մահից չվախենալ, եթե որոշեինք քիչ քիչ մեռնելու փոխարեն՝ միանգամից մեռնել, այն Ժամանակ շատ բան միանգամից կփոխվեր։
— Ի՞նչ կփոխվեր, օրինակ,— հարցրեց ծերուկը։
— Այն, որ ես և դու կզոհվեինք, բայց մեր որդիքը կապրեին. մի քանի հազար հայ կմեռնեին, բայց հայությունը կկենդանանար։ Այս բնության օրենքն է. մեռնող մի հատիկը պտղաբերում. է յուր նման հարյուրը. Քրիստոսն ինքն է