Էջ:Muratsan, vol. 6.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՜ւ, դու ի՞նչ կարող ես խոսել նրա վրա,— հարցրի ես միամտորեն։

— Բա՛, ինչ կարող եմ խոսել է՜... բաներ շա՜տ...

— Օրինա՞կ։

— Այ, հենց մեկել օրը նալբանդ Ուհանի կնիկը ջուր էր քաշում ժամի հորիցը։ Ժամավորն էլ դուրս եկած՝ հայաթումը ման էր գալի։ Երեցփոխը եկավ բղավեց խեղճ կնկա վրա թե «ինչի՞ էդ շառինջը (դույլ) հորի պատերին ես խփում, հողը ներս թափում. հո մեկել օրն եմ քյանքյանչուն չորս մանեթ տվել հորը մաքրել տվել. ուզում եք, որ ամեն շաբաթ ժամը ձեր ջրի համար չորս մանեթ կորցնի՞»... Խեղճ կնիկը ամոթից քիչ մնաց տափն էր մտնում։ Էս բանը քեփումս չեկավ։ Եփ որ ժողովուրդը հեռացավ, մուտացի երեցփոխին հու ասացի․— աղա՛, ախր քյանքյանչի Մուստափին ես եմ բերել, հորը թամզացնելի փողն էլ— վեց շահի— իմ ձեռքովն ես տվել, բա խի՞ խալխի միջումն ասում ես «չորս մանեթ եմ տվել»։

— Հետո, ինչ պատասխանեց։

— Ասում ա, «հարամզադա՛, գիտում չե՞ս, որ վեց շահին չորս մանեթ պիտի ասեմ, որ էս անզգամ կնանիքը վախեն, հորի ջուրը իթիաթով (խնամքով) բանեցնե՞ն»։ Ամա, ի՞նչ մեղքս ծածկեմ. ես ընենց եմ իմանում թե նա, որ էլլիկի (ժողովրդի) առաջին ընենց բարձր ձենով չորս մանեթ ասեց, հենց ընենց էլ գրելու ա իրա հաշվումը։

— Եվ դրանից հետո, ուրեմն, սպիտակ աբասին ստացա՞ր։

— Չէ, աբասին երեկ տվավ։

— Ի՞նչ պատճառով։

— Ա՛յ թե ի՛նչ։ Էս քանի օրը, հո տեսաք, մի գլուխ ձյուն էր գալի։ Ժամի հայաթումն էնքան էր կիտվել, որ չորս մարդ չէին կարալ թամզացնիլ: Բայց ես ու Մուխսի Գալուստը մի օրում հավաքեցինք, դուրս տարանք քուչեն։ Երեկ ըռավոտ, ժամից եդը, ես խորանումը շապիկները ծալում եմ, տեսնեմ Լալյունց Մեսրոբը՝ հենց խորանի լուսամուտի առաջ երեցփոխին հարցնում ա թե՝ «ըստեղ մեծ ձյուն կար, հո՞վ դուրս տարավ...», երեցփոխն էլ ասում ա թե՝ «Հո՞վ պտի տաներ, չորս ղարադաղցի մշակ բռնեցի, հմեն մինը շահով, սաղ օրը բան արին ու անջախ (հազիվհազ) որ հայաթը մաքրեցին»։