Էս որ լսեցի, բեյինս (ուղեղս) ժաժ եկավ։ Մեկ մտածեցի, թե գնամ հենց Մեսրոբ աղի մոտ խոսամ, մեկ էլ ասացի «նահլաթը չար սատանին, թող մի քիչ համբերենք. էն ա, որ Մեսրոբ աղան հեռացավ, թունդված (զայրացած) մոտացա էրեցփոխին.— աղա՛, ասում եմ, ախր էս հայաթի ձյունը մենք ենք թամղել, դրա համար էլ իսկի մեզ երկու շահի չես տվել. բա ընչի ես Լալյունց Մեսրոբին ասում, թե մշակներին փող եմ տվել հու մաքրել տվել։ Ասում ա «ա՛յ հայվան, բա դու գիտում չե՞ս, որ մեր ժամն աղքատ ա. եկամուտ չունի՞. ըսենց պետք ա ասենք, որ մարդիկ իմանան, թե ժամը ծախքեր ունի, հու մի-մի անգամ օգնություն անե՞ն»։ Էս խոսքերին, հալբաթ որ (իհարկե), ես չհավատացի. գլուխս ժաժ տվի ու հենց էն ա, ուզում էի ասեմ թե— չէ, ա՛ղա, դրուստն էդ չի, դրուստն էն ա, որ Լալյունց Մեսրոբը հաշվատես ա. դու հիմիկվանից նրա ականջն ես գցում էդ բանը, որ հետո հաշվումդ գրես ու նա բան չասի դրա համար։
— Եվ չասացի՞ր։
— Հենց էն ա, ուզում ի ասեմ, մեկ էլ տեսնեմ աղբաթիխերը սպիտակ աբասին դրավ հափռումս (բռանս մեջ).— «գնա՛, ա մեռած, գնա լակիր, ասում ա, տեսնում եմ, որ էլի ծարավել ես, տակից-գլխից դուրս ես տալիս»։ Ես էլ, ի՞նչ մեղքս ծածկեմ աբասիս վեր կալա...
— Եվ իսկույն էլ տարիր Կարունի դո՞ւքանը,— հարցրի ես ժպտալով:
— Բա ըսկի թողա՞ցի, որ ջանին քամի դիպչի՞... տարի, հու քու կենացը լավ անուշ արի։
Այս խոսքերի հետ վերջացնելով Պետրոսը թեյի երկրորդ բաժակը, սրբեց բեղերը շալե կապայի փեշով, ապա կնճռոտ դեմքին տալով ավելի մեղմ ու քաղցր կերպարանք ավելացրեց.