Էջ:Muratsan, vol. 6.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բո՜, բո՜, տես հալա ինչ ա ասում, ադա սա դուքանի հաշի՞վ ա, որ ստուգես. բա ըսկի էս ժամիցը, էս խաչվառներիցը յա քշոցներիցը քաշվում չե՞ս, որ ըդենց բան ես ասում... Սուս կաց որդի, սուս կաց. ջահել ես, մեղքն ու վարձքը չես հասկանում. վեր կալ էդ թուղթը, ձեռք քաշիր ու գնա բանիդ,— խրատական եղանակով խոսեց Մեսրոբ դային:

— Ես չեմ կարող ստորագրել մի թուղթ, որի բովանդակությանն անծանոթ եմ,— պնդեցի ես։

— Տո, էս վեց պատվավոր մարդկանցից ոչ մեկն էլ ա ըդենց բան չասեց, դու էդ ո՞նց ես ջուռիաթ անում (համարձակվում) ասում, բա ըսկի չես ամաչում,— զայրացած նկատեց Դավութ բեգը։

— Որդի, եկեղեցական բանումն ըդենց բան չեն խոսիլ, վեր կալ ձեռք քաշիր.— կամացուկ շշնջաց ականջումս Աբրահամ ապերը։

— Ձեռք քաշիր պրծիր, ուշանում ենք,— նորեն խոսեց Մեսրոբ դային և աչքի ծայրովն էլ առանձին նշան արավ, որ չհամառեմ։

— ՉԷ, չէ, հարկավոր չէ,— խոսեց երեցփոխը.— հերը կգա ձեռք կքաշի. թող մի երկու օր էլ բանը եդանա, վնաս չունի։

Երեցփոխի հայտարարությունը և այս ու այն կողմից տեղացող մեղադրանքներն այնպիսի մի տպավորություն արին վրաս, որ կարծես թե իրավ, մեծ հանցանք եմ գործել, մանավանդ, երբ հորս անունն էլ հիշեցրին, էլ բոլոր քաջությունս կորցրի։

— Տվեք ստորագրեմ, եթե կամենում եք, միայն թե...

— Միայն թե ի՞նչ,— ընդհատեց Մցական բեգը։

— Միայն թե հարկ եղած տեղը պիտի հայտնեմ, որ առանց կարդալու եմ ստորագրել այս հաշիվը։

— Հարկավոր չէ, հարկավոր չէ. վեր կաց, գնա՛ գործիդ. քո ստորագրությունն իսկի չեմ ընդունիլ,— զայրացած խոսեց երեցփոխը և թղթերը հավաքեց։