Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Ա՛ բալամ, դու իստակ ղալմադալչի ես էլել,— նկատեց ինձ Մեսրոբ դային խիստ վրդովված։

— Ձեր հախն ա. (տեղն է.) ձեզ ո՛վ ա ասում , որ երեկ չէ մեկել օրվա էրեխան բերք ձեր միջումը նստացնեք, յա չէ, ընչի՞ չեք մտածում, թե ըսենց ջեհելի ստորագրությունն ո՞վ կընդունի,— խոսեց Մցական բեգը և ձեռքերը դարսեց փորի վրա։

— Ես էլ էդ չե՞մ ասում,— հարեց Բալա-ղուզին, չնայելով, որ դեռ ոչինչ չէր ասել։

— Ըդենց ա, բա,— մասնակցեց ընդհանուր մեղադրությանը և Լղարենց Աբրահամը։

Ինձ ոչինչ չէր մնում անել այլևս, ուստի վեր կացա տեղից և ամոթահար դուրս եկա ժողովից։

Կրկնակոշիկներս հագնելու ժամանակ ականջիս հասան երեցփոխի վերջին խոսքերը.

— Տնաշեններ, դուք էլ ասում եք թուղթը տուր ստորագրի։ Բա՛ ես խելքս կորցրե՞լ եմ, որ էդ քչեղակին (կաչաղակ) հաշիվ տամ ստորագրի, յա չէ դրա ստորագրությունն առաջնորդը կընդունի՞։

Ես, իհարկե, վրդովվեցա, որ երեցփոխը լիազորների ներկայությամբ ինձ «քշեղակ» անվանեց, բայց ի՞նչ կարող էի անել, թողեցի և հեռացա։

Գ

Երկու օրից հայրս եկավ. բայց այս դեպքի մասին ոչինչ չասացի նրան, մինչև որ տեսնեի, թե պարոններ հաշվատեսներն ի՞նչ ձևով են հայտնում եղելությունը։

Երեկոյան նա գնաց եկեղեցի և ուշ վերադարձավ։ Իմ հարցին թե ուր էիր, հայրս գլուխը շարժելով պատասխանեց.

— Միթոմ գիտում չե՞ս։

— Ես ի՞նչ գիտեմ։

— Երեցփոխի մոտ էի։

— Հա՞։

— Հա՛ ։

Մի վայրկյան լռություն տիրեց, հետո հայրս հայացքը սևեռեց ինձ վրա ու հարցրեց։