Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա, ֆարմասոն, չլինի՞ թե դու ես լուր տվել «Հնձվորին»,— խոսեց հետևիցս տեր Սեղբոսը, որ լսել էր իմ բացականչությունը:

— «Ահա՛ գրելու նյութ— թղթկցին պտրտում են...» մտածեցի ես և, չնայելով որ այդ քահանային արհամարհում էի, իբրև հետադեմ կղերականի, այսուամենայնիվ որոշեցի այս անգամ չարհամարհել, մտածելով, թե քանի որ սա ինքն ընդունում է, որ ես կարող եմ լուրեր տալ լրագրին, թող այդպես էլ իմանա և երկյուղ կրե ինձանից։

— Հա, դիցուք, թե ես եմ տվել, ի՞նչ եք ուզում ասել,— հարցրի ես մի առանձին խստությամբ։

— Այն եմ ուզում ասել, որդի,— պատասխանեց նա ձայնը մեղմացնելով,— որ երբ մի բան գրում եք, ուղիղը գրեք։

— Ինչ որ լրագրում գրվում է, նա անպայման ուղիղ է, սովորեցեք, վերջապես, պատկառիլ տպված խոսքից,— բարկացա ես արդար բարկությամբ։

Տեր Սեղբոսը, կարծեմ, երկյուղից կորցրեց իրան։

— Ոչ, այդ չէի ասում...— կակազեց նա,— կարծեմ պատժված քահանաներն իրար չեն խփել, այլ միայն հայհոյել են։

«Ահա՛ գրելու երկրորդ նյութ— իսկությունն ուրանում են», — մտածեցի ես և ապա հարցրի.

— Եթե այդպես է, գործակալն ինչո՞ւ էր պատժում նրանց։

— Այդ մեկը չգիտեմ. ա՛յ, հենց նա ինքը գալիս է այստեղ. հարցրու, մենք չենք կարողանում նրա հետ այդպիսի հարցերից խոսել։

— Ինչո՞ւ չեք կարողանում։

— Ինչպե՞ս կարողանանք, գործակալ մարդ է, մեկ էլ տեսար գնաց սրբազանի առաջ մեզ զրպարտեց, նա էլ հրամայեց, թե գնա՛ տեր Սեղբոսին պատմիր։ Այն ժամանակ ո՞վ է մեզ պաշտպանում։

— Մենք, գրականության մշակներս,— բացականչեցի ես խրոխտաբար և այդ վայրկենին ինձ թվաց, թե մի առանձին ուժ ստացա տկարներին և անմեղներին պաշտպանելու համար։