Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես մոտեցավ գործակալ քահանան։ Դա մի տգետ գյուղացի էր. բայց երեսի պնդությամբ կարողացել էր ոչ միայն գյուղից փոխադրվել քաղաք, այլև այդտեղ կարգվել էր գործակալ։

Իմ հարցին թե ինչո՞ւ պատժել եք տեր Գրիգորին ու տեր Սահակին, նա կոպիտ, գավառական բարբառով պատասխանեց.

— Ինչպե՞ս թե ընչի՞, հեր օրհնա՛ծ, նրանց անիրավութենի համբավը հասել ա Թիֆլիս. սաղ աշխարհը նրանց վրա ա խոսում, հմի դու ասում ես ընչի՞ ենք պատժել։

— Բայց ի՞նչ են արել նրանք,— հարցրի ես խստությամբ։

— Կռվել, հայհոյել, իրար ծեծել են, էլ ի՞նչ պտի անեն։

— Իսկ ես լսել եմ, որ նրանք կռվել են խոսքով, բայց չեն ծեծել իրար։

— Հա, իմ քննության վախտն էլ տըհենց ասեցին, ամա դե ես պատժեցի։

— Էլ ինչո՞ւ էիր պատժում, քանի որ քննությունն այդ լուրը չէ արդարացրել։

— Ընդուր, որ լրագրումը տպված ա ըլել թե ծեծել են։ Լրագրի խոսքը թողանք, մարդկանց հավատա՞նք, տպած խոսքը սո՞ւտ կըլի։

Գործակալի այս պատասխանը շատ դուր եկավ ինձ: Չնայելով յուր արտաքին կոպտության, երևաց, որ բավական լուսամիտ է նա, որովհետև ճանաչում է տպագրված խոսքի արժանիքը։

— Կեցցես, տեր-հայր, մինչև այսօր ես նախապաշարված էի քո վերաբերմամբ, բայց այժմ արդեն տեսա, որ արժանավոր գործիչ ես,— ասացի ես։

Խրախուսվելով իմ գովեստից, գործակալը հայտնեց մի խելոք միտք, որը ինձ վրա խորը տպավորություն արավ։