Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Արի իմ անվան, հորանվան և ազգանվան գլխատաոերն իրար մոտ դնեմ և տեսնեմ, թե ի՞նչ դուրս կգա»,— մտածեցի ես. և այդպես էլ արեցի, դուրս եկավ ՀԱՕ, որը ոչինչ չէր նշանակում։ Բայց որովհետև պապիս անունն էլ Կարապետ էր, ուստի երբ նրա գլխատառն էլ մեջը դրի, դարձավ ՀԱԿՈ։ Ի՛նչ գեղեցիկ ու հրաշալի բառ, բացականչեցի ես և այդ անունով էլ թղթակցությունս կնքելով ուղարկեցի «Հնձվորին»։

Անցավ տասն օր։ Տասը դժվարատար, հույսով, ցնորքով և հուզմունքով լի օրեր... Անցուցե՞լ եք դուք երբևիցե այդպիսի օրեր... Իհարկե ոչ։ Այդ ծանր, թեթև, քաղցր և դառն, միշտ տանջող և միշտ հաճելի օրերը միայն մեզ՝ գրականության մշակներիս է վիճակված... Այո՛, գրել, ստեղծագործել և սպասել, որ այդ ստեղծագործությունը լույս տեսնե, մտքեր ու սրտեր հուզե, կարծիքներ ծնեցնե, վեճեր հարուցանե և ստեղծագործողի անունը փառավորե կամ․․․, խայտառակե։ Վերջին բառն, իհարկե, ինձ չէ վերաբերում, բայց լինում են նաև այդպիսի դժբախտներ, մուսաներից ատված մարդիկ, որոնք գրում, կամ, իրենց կարծիքով ստեղծագործում են և վերջը խայտառակվում։ Բայց թողնենք այդ դժբախտներին։

Տասն օր անցավ։ Ստացվող «Հնձվորում» չէր երևում իմ թղթակցությունը, սկսում էի հուսահատվել... Հեշտ բան չկարծեք նստել 12 օր, գրել, շարադրել, միևնույն բանը տասն անգամ օրինակել և վերջը նրա տպագրությունը չտեսնել... Օ դա զարհուրելի է... Բայց ինչպես երևում է, ինձ ոգևորող մուսան հսկում է եղել թղթակցությանս։ Տասն և մեկերորդ օրը, այո , ճիշտ այդ օրը... բայց ոչ, նկարագրեմ, թե ի՞նչ օր էր այդ.— Պայծառ և գեղեցիկ, արևն առավոտը ծագել էր, իսկ երեկոյան պետք է մայր մտներ, հետո լուսինը պիտի ծագեր, մարդիկ և անասուններ եռանդով գործում էին. թռչունները երգում, բույսերը բսնում և ծաղիկները ծաղկում... դրանից կարող եք երևակայել, թե ի՞նչ հրաշալի օր էր այն։ Եվ ահա, այդ հրաշալի օրը ստացա «Հնձվորի» մի համար։ Տենդային հուզմունքից դողացող ձեռքերով բացի թերթը։ Առաջին երեսում ոչինչ չկար, իսկ երկրորդում...