Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՊԱՔ.— Բայց պետք է շտապես, որովհետև Համտունը շուտ պիտի գա այստեղ։

ԹԵՆԻ.— (վեր կենալով տեղից) Հենց հիմա կերթամ Ռուզանի մոտ և մի պատրվակով կբերեմ նրան այս կողմը։ Բայց մինչև այն՝ իշխանը թող պատրաստ լինի այստեղ։ (Դուրս է գնում):
ՊԱՊԱՔ.— (ճանապարհ դնելով Թենիին) նա պատրաստ կլինի անշուշտ:


ՏԵՍԻԼ Ե
Պապաք (վերադառնալով)


Այս էլ այսպես, ուրեմն հաջողվում է։ (Ձեռքերը գոհությամբ շփելով): Այսուհետև Ներսեհը թող պինդ պահե յուր հարսնացուն։ Իշխաններն, անշուշտ, կմեղադրեն ինձ, երբ իմանան, որ գործը խանգարվել է իմ ձեռքով: Բայց ինձ ի՞նչ։ Ազնիվ կոչվելու համար ես հո չեմ կարող ցնցոտի հագնել կամ ծոմապահության վարժվիլ: Ես միջոց չունիմ, գեթ, հասարակ իշխանի վայել ապրուստ անելու, մինչ Ներսեհն իմ կալվածների եկամուտով բանակներ է կազմում և փառք ու հռչակ ստանալու համար թաթարաց դեմ արշավում։ Կարո՞ղ եմ միթե այս անիրավությունը տանել։


ՏԵՍԻԼ Զ
Նույնն եվ Սմբատ


ՍՄԲԱՏ.— (մտնելով) Ողջույն, տյար Պապաք։
ՊԱՊԱՔ.— Ողջույն, իշխան։
ՍՄԲԱՏ.— Ես քեզ էի որոնում։
ՊԱՊԱՔ.— Ծառա եմ հրամանիդ։
ՍՄԲԱՏ.— Այս պալատում, բարեկամ, պատրաստվում է մի խռովություն, որի մեջ, կարծեմ, մատ ունիս և դու: