ՊԱՊԱՔ— (իբր զարմանալով) Մի խռովություն, որի մեջ մատ ունիմ և ե՞ս։
ՍՄԲԱՏ․— Այո'։
ՊԱՊԱՔ.— Ենթադրությանդ մեջ, Սմբատ իշխան, կարի համարձակ ես։
ՍՄԲԱՏ.— Ես համարձակ եմ լինում՝ երբ վտանգը տեսնում եմ վերահաս։
ՊԱՊԱՔ.— Քաջի պատասխան է, բայց ի՞նչ խռովության մասին է խոսքդ։
ՍՄԲԱՏ.— Այն, որ Համտունը պատրաստվում է հարուցանել։
ՊԱՊԱՔ,— Ես ոչինչ չգիտեմ։
ՍՄԲԱՏ.— Դու նրա խորհրդատուն ես և ոչինչ չգիտե՞ս։
ՊԱՊԱՔ.— Բարի գործի համար ես ամենքի խորհրդատուն եմ։
ՍՄԲԱՏ.— Բայց մի սիրահոդ միություն քանդելը մի՞թե բարի գործ է։
ՊԱՊԱՔ.— Միություն քանդե՞լը... Ոչինչ չեմ հասկանում, կարո՞ղ ես պարզ խոսել։
ՍՄԲԱՏ.— Ինչու՞ չէ, այդ իմ թուլությունն է։
ՊԱՊԱՔ.— Ուրե՞մն։
ՍՄԲԱՏ.— Հասան-Ջալալ-Տոլան յուր Ռուզան աղջիկը մի՞ մարդու հետ պիտի ամուսնացնե, թե՞ երկու։
ՊԱՊԱՔ.— Եթե քրիստոնյա է՝ մեկ։
ՍՄԲԱՏ.— Իսկ եթե կռապաշտ լինե՞ր։
ՊԱՊԱՔ.— Դարձյալ մեկ։
ՍՄԲԱՏ.— Արդ, ամենքին հայտնի է, որ նա յուր դուստրը խոստացել է Ձորոգետի Ներսեհ իշխանին։ Ինչո՞ւ ուրեմն Համտունը յուր երկիրը թողած՝ նստել է այստեղ և սպասում է Ջալալին՝ նրա աղջկա ձեռքը խնդրելու համար։
ՊԱՊԱՔ. — Ես Համտունի խնամակալը չեմ, իրենից հարցրու այդ։
ՍՄԲԱՏ.— Բայց Համտունը եկել է Խոխանաբերդ քո խորհրդով։
ՊԱՊԱՔ.— Ո՞վ ասաց քեզ այդ։
ՍՄԲԱՏ— Նրանք, որ ուրիշի ասածովն են տեսնում, ոչինչ չեն տեսնում, ես վաղուց դիտում եմ քո քայլերը և հավատում եմ իմ աչքերին: