Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայոց ազգն ունի հոգևոր ատյաններ, որոնք կառավարվում են անդամներով, իսկ անդամներին կառավարում է առաջնորդը, առաջնորդին կաթողիկոսը, կաթողիկոսին... Այստեղ էլ, կարծեմ, ճանապարհը փակ է, բայց սազում է, որ ասեի «իսկ կաթողիկոսին՝ ժողովուրդը»։

Վերջապես հայոց ազգն ունի բարեգործական ընկերություններ, որոնք կառավարվում են վարչություններով, իսկ վարչությունը բաղկացած է անդամներից ու նախագահից, որոնց, ինչպես գիտեք, ընտրում է ընդհանուր ժողովը, իսկ ընդհանուր ժողովը կազմվում է անդամներից, որոնք, բոլորն էլ, ժողովրդական ոգի ունին, որովհետև աշխարհականների որդիք են։ (Միջանկյալ պիտի ասեմ, որ դրանք միակ հաստատություններն են, որոնք ազատ են կղերական տարրից և նրանց ազդեցությունից, դժբախտաբար դրանք էլ այն վատ կողմն ունին, որ ընդունում են հետադեմ անդամներ, որոնց հետ երբեմն ստիպված ենք լինում ընդհարվիլ)։

Ահա՛, այս բոլոր տեղերն ու հաստատություններն, որոնք ժողովրդական ոգու արտադրություններն են, կազմում են «հատուկ թղթակցի» գործունեության ասպարեզը։

Հիշածս դրոշակը ձեռքիս և բառարանը կռանս տակ ես մտնում եմ այդ ասպարեզներից որը կամենում եմ, որովհետև իմ առաջ բաց է ամեն դուռ, եկեղեցո՞ւ լինի այդ թե՛ դպրոցի, առաջնորդարանի՞ լինի թե բարեգործական ընկերության, միևնույն է. ամեն տեղ էլ ես մտնում եմ ազատորեն, ինչպես որ կմտնեի իմ հոր տունը կամ իմ պապի բախչեն։

Առաջին անգամ, որ կոխում եմ դռան շեմքը, մի թեթև հազում եմ։ Ներկա եղողներն իսկույն նայում են ներս մտնողին և զգաստ դիրք ստանում։ Այդ ժամանակ արդեն ես գլխարկս հանում եմ։ Իբրև ծայրահեղ առաջադիմական, ես այդ անում եմ մի քանի քայլ դահլիճում առաջ գնալուց հետո: (Հետադիմականներն, ընդհակառակը, գլխարկները հանում են նախասենյակում, որ նշան է նրանց երկչոտ և նվաստոգի լինելուն)։ Իսկույն մի խուլ շշուկ տարածվում է ժողովրդի մեջ։ Լսվում են հարցեր. «ո՞վ է սա» և պատասխաններ. «Հնձվորի» թղթակիցը , կամ «պարոն Հակօն»։