Էջ:Muratsan, vol. 6.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Հատուկ թղթակցի» գործունեության ասպարեզը— մանավանդ այն թղթակցի, որ կոչումն ունի ազատ, մտրակող և մերկացնող ուղղությանն հետևելու, չափազանց ընդարձակ է և շնորհակալ։ Գավառի մեջ, մանավանդ, այդ կոչման հետ կապված են որոշ իրավունքներ, որոնցից թղթակիցը կարող է օգտվել ինչպես և ինչ չափով որ կամենա։ Բավական է, որ նա յուր ձեռքին ունի մի դրոշակ, որի վրա գրված են հետևյալ վեհ խոսքերը, «ազատամտություն», «նոր և թարմ հոսանք», «հարվածել ու մտրակել», «կորչի խավարը և հետադիմությունը», «ատում ենք կղերականներին», «ով որ մեզ հետ չէ, մեր դեմն է»։ Այլև մի բառարան, որ յուր մեջ ունենա 500-ից մինչև 1000, կամ առավելն 2000 ընտիր, բայց, միևնույն ժամանակ ազդու հայհոյանքներ, համեմված հարձակողական և մտրակողական դարձվածքներով, որոնք որչափ հանդուգն լինեն ու սանձարձակ, այնքան ավելի լավ, որովհետև ինչպես գիտեք, քացախի թունդն է լինում հարգի։

Եվ ահա՛ այդ գեղեցիկ ուժերով զինված, դուք մտնում եք... բայց ոչ, այստեղ մի փոքր պիտի շեղվեմ։

Հայոց ազգը հո գիտե՞ք ինչ ազգ է։ Երևելի ազգ է. ամեն բան ունի։ Ամենից առաջ ունի մի ազգային եկեղեցի, որ թեպետ մի փոքր հետադեմ է, բայց վնաս չունի за то շատ հին է։ Նրա գոյությունն, ասում են, Քրիստոսից շատ առաջ է. հիմնված, չգիտեմ, Բագրատունյաց ո՞ր թագավորի ժամանակ: Թվականը չեմ հիշում։ Ես, առհասարակ այդպիսի սխոլաստիկական խնդիրներով չեմ զբաղվում։ ճշմարիտն ասած նոր սերնդին չի էլ սազում վատնել ժամանակն այդպիսի դատարկ բաների վրա։ Այսքանը միայն գիտեմ, որ նա շատ հին է, և ինչպես «Հնձվորն» էլ ասում է ունի ժողովրդական ոգի, արի պատճառով էլ կատարում է ժողովրդական ընտրություններ, ինչպես օրինակ, քահանայի, երեցփոխանի, հաշվատեսի, պատգամավորի և այլն։

Հայոց ազգն ունի, նաև, հոգևոր դպրոցներ, որոնց մեջ դասախոսում են վարժապետներ. իսկ վարժապետներին ընտրում է տեսուչը, տեսչին հոգաբարձուները, հոգաբարձուներին ժողովուրդը , իսկ ժողովրդին... հա՛, ներողություն, դենը ճանապարհ չկա։