Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գալով վարժապետներին, տեսչին, առաջնորդին և այլն, դրանք գործունեության նկատմամբ ես հետևում եմ միևնույն հաստատուն ուղղության, մնալով միշտ ազատասեր, ճշմարտախոս, մերկացնող, հարվածող-մտրակող, միով բանիվ զտարյուն «հնձվորական»։

Այս էլ պիտի ասեմ, որ «հատուկ թղթակցի» գործունեությունը չի սահմանափակվում միայն ազգային հաստատությունների մասին գրելով։ Ոչ, գավառական քաղաքում ուրիշ բաներ էլ կան, որոնցով մենք հետաքրքրում ենք լրագրի ընթերցողներին։ Կա, օրինակ, քաղաքագլուխ, կան վարչության անդամներ, ինքնավարական իրավունք, հետո` քաղաքի մաքրության, բարեկեցության և առողջապահության վերաբերյալ խնդիրներ. կա՛ն կապալառուներ, վաշխառուներ, վաճառականներ և այլն։ Այս բոլորի մասին նույնպես ես իրավունք ունիմ գրելու։ Եվ գրում եմ, իհարկե, այն ինչ որ կամենում եմ, կամ ինչ որ պահանջում է կուսակցությունից անբաժան իմ անհատական շահը։

Կար ժամանակ, երբ թղթակիցներից պահանջվում էր շատ քիչ բան. այն է չինել լոկ արձանագրող որևէ գործի կամ դեպքի։ Այդ նահապետական ժամանակի թդթակիցը կարող էր, ուրեմն, լինել և սահմանափակ խելքի ու զարգացման տեր մեկը, և նա, համենալն դեպս, կգոհացներ յուր ընթերցողներին։ Բայց այժմ այդպես չէ։ Այն օրից, որ հայ ազգի կյանքը բարդացավ և նրա մեջ ծնունդ առին ազատամտական, առաջադիմական և մտրակողական ուղղություններն, այն օրից, երբ լույս աշխարհ հանվեցան խավարում ծածկված պահպանողականները, հետադիմականները և կղերականները, մերկացնող ուղղության հետևող խմբագրություններն այլևս չեն բավականանում հասարակ տեսակի թղթակցություններով, նրանք պահանջում են, որ «հատուկ թղթակիցն» ունենա ոչ միայն արձանագրելու, այլև հորինելու ու ստեղծելու ձիրք, որ նա կարողանա որևէ անձի գնդած ձյունը գլորել ու թավալել այնքան, որ սա մեծանա, վիթխարի ձև ստանա և տեսնողների վրա ահ ու սարսափ բերե։ Կամ, ընդհակառակր, եթե մեկը պատահմամբ շինել է մի մեծ գունդ, հալե ու մաշե նրան այնքան, որ տեղը մնա աննշան մի գնդիկ: