Էջ:Muratsan, vol. 6.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ հենց այս պատճառով էլ, եթե առաջ խմբագիրն այնքան երկչոտ ու ամոթխած էր, որ յուր լրագրում որևէ անճիշտ լուր տպված ժամանակ շտապում էր` հակառակ կողմից հասած հերքումը իսկույն տպագրելու, այժմ, ընդհակառակը, խմբագիրն ունի այնքան կորով ու քաջություն, որ ոչ միայն հզոր պաշտպանություն է ցույց տալիս յուր թղթակցին և համառությամբ նրա հաղորղած անճշտությունների վրա պնդում, այլև թղթակցի վարկր ժողովրդի աչքում բարձրացնելու համար, այդ անճշտությունների վրա հիմնված առաջնորդողներ է գրում և յուր խոսքն ավելի ազդու անելու համար թղթակցի ստերից վկայություններ բերում։

Ճշմարիտ է, գավառական քաղաքում գործի իսկության ծանոթ մի քանի մարդիկ վրդովվում են և հայհոյում սխալ տեղեկություններ հաղորդող թղթակցին, բայց դրանից ինչ դուրս կգա. հո մյուս քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ կարդո՞ւմ են մեր հաղորդածր և ընդունում նրանց զուտ ճշմարտության տե՞ղ։

Տասը-քսան մարդ ճշմարտությունն իմանալով ի՞նչ կարող են անել, քանի որ նրանց հերքումը չի տպագրվելու լրագրում։ Տասնյակ հազարավոր մարդիկ մեր շնորհիվ արդեն սևին ասել են սպիտակ և այդ բավական է. ձայն բազմաց` ձայն աստուծո:

Հանգամանքների այդպիսի բարեբախտ փոփոխության շնորհիվ է, որ մենք այսօր ոչ միայն մեծ հարգ ու պատիվ ենք վայելում ժողովրդից, այլև կարողանում ենք հեղափոխություններ առաջացնել նրա լճացած ու բորբոսնած կյանքի մեջ։

Հիշենք մի օրինակ։

Քսան տարի սրանից առաջ մի անհեթեթ կարգադրություն եղավ։

Հրամայել էին, որ մեր դպրոցների աշխարհական հոգաբարձուների թվում ընտրվեն նաև երկ֊երկու քահանաներ, որոնք, ինչպես գիտենք, զուտ կղերականներ են։ Այս կարգադրությունը, ինչպես որ սպասելի էր, հուզեց ու վրդովեց ողջ ազատամիտ աշխարհը։