Էջ:Muratsan, vol. 6.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞նց թե հոգևոր դպրոցների մեջ մուտ գործե հոգևորականը, այս ի՞նչ խավարամտություն է,— հարցրինք մենք իրար` լցված արդար բարկությամբ։

Բանից երևաց, որ այդ կարգադրությունն արել է հայոց հոգևոր տերը։

Մենք զարմացանք։

«Հայոց հոգևոր տերը ի՞նչ գործ ունի մեր հոգևոր դպրոցների հետ»,— հարցնում էինք իրար լուռ փսփսալով և սակայն այդ հարցին պատասխան չէինք գտնում։

Հանկարծ բարեկամներիցս մեկը մի զարմանալի միտք հայտնեց.

— Հայոց հոգևոր տերը,— ասաց նա,— երևի այն կարծիքի է, թե` քահանաները ևս հայեր են։ Իսկ նրանց որդիքը, որ փարաջա չեն հագնում, աշխարհականներ։ Հետևապես, ինչպես որ գդակակար Մակին, կամ բազազ Սերոբը աշխարհական լինելով իրավունք ունին հոգաբարձու ընտրվելու, և իրենց որդվոց շահերը դպրոցում պաշտպանելու, այնպես էլ քահանան, հայ անվանելով իրեն, պիտի խառնվի հոգևոր դպրոցի գործերում, առարկելով թե պաշտպանում է այդտեղ յուր աշխարհական որդու շահերը։

— Ո՛չ, այդպես չէ,— հարեց մի ուրիշը,— որովհետև մենք, աշխարհականներս, ամեն կերպ խառնվում ենք եկեղեցու գործերում, առարկելով թե մեր եկեղեցին ժողովրդական է ահա, հոգևոր տերն էլ քահանաներին խառնում է մեր հոգաբարձուների հետ, որպեսզի մի օր ասե. թե` դպրոցներն էլ հոգևորական են:

Այս տարօրինակ, բայց կարի հավանական բացատրություններն ուղեղս ցնցեցին։ Սկսա մտածել, թե ի՞նչ միջոց գործ դնենք ծնունդ առած չարիքն արմատախիլ անելու։

Եվ ահա հանկարծ գլխումս ծագեց մի հրաշալի միտք, որը ես դարձյալ վերագրեցի մուսաների ազդեցության։ (Միջանկյալ պիտի ասեմ, որ վերջին ժամանակներս մուսաները շուտ-շուտ են երևում մեր երկրում։ Ասում են բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էլ ջրի վտակում մի մուսա է բռնել: Բայց խավարամիտ հետադիմականը փոխանակ նրանից շնորհ խնդրելու, փող է ուզել, մուսան էլ փասա-փուսան հավաքել, փախել է)։